Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս դեպքում մեծ շահը բախվում է մի քաղաքացու իրավահաջորդների արդարության ակնկալիքի հետ. Իշխանյանը՝ Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի գործի մասին
«Գաղտնիությամբ պահելը այն, ինչ պետք է հանրությանը հասանելի լիեր, խնդրահարույց է»,- «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ՔԻՀԿ) «Քաղաքացին և անարդարադատությունը Հայաստանում. Սոնա Մնացականյանի մահվան 4 տարին» զեկույցի ներկայացմանն ասաց իրավապաշտպան Մարիամ Կանայանը։
Նա նշեց, որ դեպքից հետո որպես վկաներ կանչվել են ոստիկաններ, որոնք իրար հակասող տվյալներ են տվել։
Իրավապաշտպան, ՔԻՀԿ նախագահ Ռաֆայել Իշխանյանն ասաց, որ այս գործով դատական նիստերը ձգձգվում են, իսկ 2027 թվականի ապրիլին կլրանա գործի վաղեմության ժամկետը. «Այսինքն քրեական պատասխանատվության ժամկետին մնացել է մեկ տարի»։
Նա նշեց, որ խոսում են մեծ պրոցեսի մասին, որտեղ կա շահագրգռվածություն պետական ամենաբարձր պաշտոնյայի համբավի, իր ենթակաների խնդիր. «Այս դեպքում մեծ շահը բախվում է մի քաղաքացու՝ Սոնա Մնացականյանի իրավահաջորդների արդարության ակնկալիքի հետ։ Երբ որ իրապաշատպանները պարերաբար խոսում են մարդու իրավունքների, արդար դատաքննության վիճակի վատթարացման մասին, այդ պայմաններում արդարադությունը որպես գործիք սկսում է կորցնել իր որակը»։
Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 8-ին կայացրած դատարանի վճռով ավտոշարասյան վարորդներից Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչել 2003 թ. Ընդունված ՔՕ 242-րդ 2 մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ
ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ
առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքներում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում մահացու վրաերթի է ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Տուժողի իրավահաջորդ Րաֆֆի Ասլանյանը նշում է. «Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ շարասյան արագության համար պատասխանատու՝ ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը դիտավորյալ կերպով «սառեցվել» է նախաքննության փուլում, թեև դատարանները երկու անգամ այդ վարույթով արձանագրել են տուժող կողմի իրավունքների խախտում, փաստացի պարտադրել են փորձաքննություն նշանակել ավտոմեքենաներում գործած ռադիոկապի ձայնագրության սարքով, պատշաճ միջոցներ ձեռնարկել ձայնագրությունը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվել»։
Նշենք, որ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց, որտեղ վերլուծվել են Սոնա Մնացականյանի վրաերթի գործով նախաքննական փուլի, դատական վարույթի, պետական պաշտոնյաների, իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցների, քարոզիչների արձագանքները։
Զեկույցում ներկայացված են Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների շարասյուների, ծառայողական մեքենաների ստեղծած վթարային իրավիճակները, Ս․ Մնացականյանի գործով թերի, խնդրահարույց քննություն և ձգձգվող դատավարույթան մանրամասներ, ինչպես նաև իշխանական ապատեղեկատվությունը ու քարոզչական ճնշումները։