Թեզերը, որ Փաշինյանը չի իմացել կամ ինքն է ասել շտապօգնություն կանչեն Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո, փաստական տվյալով չի հավաստվել. Իրավապաշտպան
Քաղաքական
11:51 27/04/2026
Հայաստան

Թեզերը, որ Փաշինյանը չի իմացել կամ ինքն է ասել շտապօգնություն կանչեն Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո, փաստական տվյալով չի հավաստվել. Իրավապաշտպան

«Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենան վրաերթի է ենթարկում հղի Սոնա Մնացականայնին, շարասյան որևէ մեքենա չի կանգնում՝ օգնություն ցուցաբերելու տուժողին։ Շարասյունը նույն արագությամբ շարունակում է ընթացքը»,- «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ՔԻՀԿ) «Քաղաքացին և անարդարադատությունը Հայաստանում. Սոնա Մնացականյանի մահվան 4 տարին» թեմայով քննարկմանն ասաց Տաթև Սողոյանը։

Նա ընդգծեց, որ շարասյունը Փաշինյանին տանում էր  ՔՊ-ի պատգամավորների հետ հանդիպման, այլ ոչ թե ինչ-որ պետական նշանակության միջոցառման։ Սողոյանը հիշեցրեց, որ Սոնա Մնացականյանին օգնություն է  ցուցաբերում պարզապես տվյալ տարածքով երթևեկող շտապօգնության մեքենան։

«Այն բոլոր թեզերը, որ Նիկոլ Փաշինյանը չի իմացել կամ ինքն է ասել, որ շտապօգնություն կանչեն, գործի որևէ փաստական տվյալով չի հավաստվել։  «Նաիրի» բժշկական կենտրոնի անձնակազմն է հայտնել, որ արդեն մահացած է եղել Սոնա Մնացակայանը, երբ հասցվել է հիվանդանոց»,- ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում մահացու վրաերթի է ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Տուժողի իրավահաջորդ Րաֆֆի Ասլանյանը նշում է. «Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ շարասյան արագության համար պատասխանատու՝ ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը դիտավորյալ կերպով «սառեցվել» է նախաքննության փուլում, թեև դատարանները երկու անգամ այդ վարույթով արձանագրել են տուժող կողմի իրավունքների խախտում, փաստացի պարտադրել են փորձաքննություն նշանակել ավտոմեքենաներում գործած ռադիոկապի ձայնագրության սարքով, պատշաճ միջոցներ ձեռնարկել ձայնագրությունը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվել»։

Հիշեցնենք նաև, որ դատարանի 2024 թ. օգոստոսի 8-ին կայացրած վճռով Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչել 2003 թ. Ընդունված ՔՕ 242-րդ 2 մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները  կամ ճանապարհային երթևեկության  կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ 
առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքներում։

Նշենք, որ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց, որտեղ վերլուծվել են Սոնա Մնացականյանի վրաերթի գործով նախաքննական փուլի, դատական վարույթի, պետական պաշտոնյաների, իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցների, քարոզիչների արձագանքները։

Զեկույցում ներկայացված են Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների շարասյուների, ծառայողական մեքենաների ստեղծած վթարային իրավիճակները, Ս․ Մնացականյանի գործով թերի, խնդրահարույց քննություն և ձգձգվող դատավարույթան մանրամասներ, ինչպես նաև իշխանական ապատեղեկատվությունը ու քարոզչական ճնշումները։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder