Տղաների համար ճակատագրական նշանակություն է ունեցել հրդեհի բռնկումից հետո որոշ ժամանակ անվերահսկելի վիճակը. Ազատի հրդեհի գործով մեղադրյալ
Իրավունք
14:52 30/04/2026
Հայաստան

Տղաների համար ճակատագրական նշանակություն է ունեցել հրդեհի բռնկումից հետո որոշ ժամանակ անվերահսկելի վիճակը. Ազատի հրդեհի գործով մեղադրյալ

«Տղաների համար ճակատագրական նշանակություն է ունեցել հատկապես  հրդեհի բռնկումից հետո որոշ ժամանակ անվերահսկելի թողնելու  հանգամանքը»,- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստում ասաց մեղադրյալ Տիգրան Ղազարյանը։

Ըստ նրա, ակնհայտ է, որ տղաները ողջ կմնային, եթե  հրդեհի բռնկումից անմիջապես հետո հնչեցվեր տագնապ, իրականացվեր տարհանում, տղաները մի քանի վայրկյանների ընթացքում կացարանը լքելու հնարավորություն ունենային։

«Կապիտան Եղիշե Հակոբյանը կացարանում վառարանը վառել է  ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ,  կացարանում հակահրդեհային պաշտպանության միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, նաև պահեստային  ելքի  բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակներ ու դուրս գալ, ինչի հետևանքով  կացարանում հանգստի մեջ գտնող 15 զինծառայողները մահացել են»,-ասաց նա։

Ըստ նրա, մեղադրանքի վերաբերյալ ձևակերպման տրամաբանության համաձայն, հրդեհի բռնկումից  անմիջապես հետո  զինծառայողները չեն կարողացել կացարանը լքել հատկապես դրանում հակահրդեհային  պաշտպանության  համապատասխան միջոցների բացակայության պատճառով։

«Ինձ հայտնի և իմ կողմից մատնանշված տարբերակի համաձայն, տագնապ չի հնչեցվել ժամանակին, չի կատարվել անձնակազմի  տարհանում, հրդեհը հայտնաբերվել է  դրսում գտնվող  մյուս զինծառայոների կողմից այն ժամանակ, այն արդեն անվերահսկելի վճակում է  գտնվել»,- նշեց նա։  

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը  01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։ 

Տիգրան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության պետի պաշտոնը, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հսկողություն սահմանել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը չի կատարել իր պարտականությունները: Իր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացել է մահ. 2023թ. հունվարի 19-ին 00:40-ին է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ 75937 զորամասի կացարանում բռնկված հրդեհը հնարավոր չի եղել մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 

Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել: Արդյունքում Եղիշե Հակոբյանի կողմից կացարանում գտնվող զինծառայողների պաշտպանությունը չապահովելու հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տղաների համար ճակատագրական նշանակություն է ունեցել հրդեհի բռնկումից հետո որոշ ժամանակ անվերահսկելի վիճակը. Ազատի հրդեհի գործով մեղադրյալ