Ոչ մի սանկցիոն ցուցակում չկամ, բայց արագ հայտնվեցի ՔՊ ցուցակում, որն ամենավտանգավորն է աշխարհոմ. Սամվել Կարապետյան
Քաղաքական
14:36 07/05/2026
Հայաստան

Ոչ մի սանկցիոն ցուցակում չկամ, բայց արագ հայտնվեցի ՔՊ ցուցակում, որն ամենավտանգավորն է աշխարհոմ. Սամվել Կարապետյան

«Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի։ Փաշինյանը միայն խոսում է  Եվրամիության մասին։ ԵՄ-ի որևէ սանկցիոն ցանկում չկամ»,-ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։

Պատասխանելով ՀՀ Աժ կողմից ընդունված  «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի մասին հարցին, նա ասաց. «Ես չէի ուզի այդ օրենքը կանգնեցնել, բայց վստահ եմ, որ այդ օրենքը մեզ հեռու չի տանելու, Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում։

Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում Ուկրաինայում, ինչ կատարվեց Վրաստանում։

Եթե դա բերելու է մեր երկրի գլխին փորձանք, մենք դա չենք անելու։ Եթե դա օգուտ է տալու մեր երկրին, մեր երկրի շահերից է բխելու, մեր ժողովուրդը դրանից օգտվելու է, վստահ եղեք՝ ինձ ոչ մի բան չի կաշկանդի՝ ոչ Ռուսաստանի հայտարարությունները, ոչ Ռուսաստանի հետ իմ ունեցած լավ կապերը։ Իմ գլխավոր նպատակը լինելու է Հայաստանի շահերը, հայ ժողովրդի բարեկեցությունն ապահովելը»։

Հարցին՝ վարչապետ դառնալու դեպքում ո՞ր երկիր կլինի առաջին այցը, Ս. Կարապետյանն ասաց. «Ես ոչ մեկի հետևից չեմ վազելու, ով հրավիրեց, և ես տեսա, որ դա համապատասխանում է, կգնամ այդ երկիր։ Ես հաստատ Փաշինյանի նման տուրիստ չեմ աշխատելու, որ ամեն օր մի տեղ վազեմ ու անիմաստ փողերը ծախսեմ։ 8 տարի վազեց,  թող ցույց տա, ասի՝ այստեղ որ գնացել եմ, մեր երկիրը սրանից է օգտվել։ Գնաց Պրահա՝ մեր երկիրն «օգտվեց», որ Արցախում հիմա խաղաղություն է, բայց առանց հայերի։

Ես զբաղվելու եմ մեր երկրի զարգացումով»։

Պատասխանելով մեկ այլ հարց՝ արդյո՞ք ԵՄ որևէ սանկցիոն ցուցակում անձամբ կամ իրեն պատկանող որևէ ընկերություն ներառված է, Ս. Կարապետյանն ասաց. «Ես ամենաբարդ սանկցիոն ցուցակում եմ՝ «Քաղաքացիական պայմանագրի» սանկցիոն ցուցակում եմ։ Ուրիշ ոչ մի երկրի սանկցիոն ցուցակում չկամ։

Ես Ռուսաստանի միակ խոշոր բիզնեսմենն եմ, ով ոչ մի սանկցիոն ցուցակում չկա։ Բայց շատ արագ հայտնվեցի ՔՊ ցուցակում, որն ամենավտանգավորն է աշխարհում»։

Նա նաև նշեց, որ միշտ ունեցել է շուկայական բիզնես ՌԴ-ում, կախված չի եղել ՌԴ իշխանություններից, Պուտինի հետ նկար չունի, երբեք չի այցելել Կրեմլ։

Ս. Կարապետյանը նաև նշեց, որ շատ հեշտ խոսելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ոչ Փաշինյանի լեզվով, հեշտ խոսելու է ՌԴ-ի հետ։

«Ես հեշտ խոսելու եմ Ալիևի հետ, քանի որ այս դեպքում մենք ենք պահանջատերը։ Իրենք են գրավել մեր տարածքները։ Մենք հեշտությամբ ասում ենք, որ Ալիևը գրավել է 200 քառակուսի կիլոմետր։ Մենք դա չենք մոռանալու, դրա համար պայքարելու ենք, բայց բանակցություններով»,- ասաց նա։

Ս. Կարապետյանը վստահ է, որ միջազգային կապերով կարող են հասնել տարածքների, Բաքվի բանտերում գտնվող հայերի վերադարձին. «Ամենաբարդ հարցը, պատկերացնում եմ, լինելու է արցախահայության վերադարձի հարցը։ Մենք դրա համար ամեն ինչ անելու ենք։ Հույս ունեմ, որ այդ հարցում ունենալու ենք հաջողություն՝ ապահովելու անվտանգ վերադարձ։ Մենք ոչ մի էջ չենք փակելու։ 

Դրա համար մենք ունենալու ենք լավ հարաբերություններ գերտերությունների, միջազգային կառույցների հետ, միայն այդպես կարող ենք հասնել այդ նպատակին»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոչ մի սանկցիոն ցուցակում չկամ, բայց արագ հայտնվեցի ՔՊ ցուցակում, որն ամենավտանգավորն է աշխարհոմ. Սամվել Կարապետյան