Բազմազավակ ընտանիքների հարկային բեռը կնվազի՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով. Արման Թաթոյան
Քաղաքական
11:40 12/05/2026
Հայաստան

Բազմազավակ ընտանիքների հարկային բեռը կնվազի՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացրել է բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրային դրույթը, որի համաձայն՝ բազմազավակ ընտանիքների հարկային բեռը կնվազի՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով։

Թաթոյանի խոսքով, առաջարկվող ծրագիրը փոխում է գործող հարկային տրամաբանությունը՝ ընտանիքը դիտարկելով որպես միասնական հարկային սուբյեկտ։

«Այսօր հարկ վճարող է համարվում յուրաքանչյուր ֆիզիկական անձ։ Մեր ծրագիրը փոխում է այս տրամաբանությունը։ Երբ ընտանիքը դառնում է բազմազավակ, հարկ վճարող է համարվում արդեն ոչ թե ամուսինները կամ ընտանիքի անդամները առանձին-առանձին, այլ ընտանիքը՝ որպես 1 սուբյեկտ»,- նշել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նրա գնահատմամբ, նախաձեռնությունը միտված է խթանելու ծնելիության աճը, աջակցելու երիտասարդ ընտանիքներին և ապահովելու երկրի ժողովրդագրական զարգացումը։

«Մենք պետք է անպայման սա իրականացնենք, այլ ելք չունենք չանելու, որովհետև մենք պետք է խթանենք ծնելիությունը մեր երկրում, որ շատ ընտանիքներ երիտասարդ ձևավորվեն, շատ բալիկներ ծնվեն, մեր բնակչությունը շատանա հանուն մեր երկրի ապագայի, և սա շատ արդար մոտեցում է»,- ընդգծել է Թաթոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բազմազավակ ընտանիքների հարկային բեռը կնվազի՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով. Արման Թաթոյան