Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրբանի գործարարները մտահոգված են. Հունգարիան պատրաստվում է հարստության հարկ սահմանել
Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարի կառավարությունը պատրաստվում է ներդնել հարստության հարկ, որը, ըստ իշխանությունների, ուղղված է սոցիալական արդարության վերականգնմանը և տնտեսական անհավասարության նվազեցմանը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Մայիսյան խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Tisza» կուսակցությունը վերջ դրեց վարչապետ Վիկտոր Օրբանի շուրջ 16-ամյա իշխանությանը։ Նոր կառավարության առաջին խոշոր նախաձեռնություններից մեկը կարող է դառնալ հարստության հարկի ներդրումը, որը հիմնականում կազդի Օրբանի իշխանության տարիներին հարստացած գործարարների վրա։
Այս փոփոխությունների խորհրդանշական դրվագներից մեկը տեղի ունեցավ վերջերս հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ։ Գովազդային ոլորտի գործարար Բալաս Գյուլան, որը համարվում էր Օրբանի համակարգի ամենահայտնի շահառուներից մեկը, հայտարարեց, որ հրաժարվում է իր բիզնեսից և փոխանցում այն նոր սեփականատիրոջ։ Նրա խոսքով՝ ներկայիս քաղաքական պայմաններում ընկերությունների խումբն ապագա չունի։
Գյուլայի ընկերությունները կառավարում էին Հունգարիայում հայտնի «կապույտ գովազդային վահանակների» ցանցը, որոնք տարիներ շարունակ օգտագործվում էին պետական ֆինանսավորմամբ քաղաքական քարոզչական արշավների համար։ Այդ վահանակներում որպես «հանրության թշնամիներ» ներկայացվում էին տարբեր գործիչներ՝ սկսած ֆինանսիստ Ջորջ Սորոսից մինչև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Այսօր այդ վահանակները հիմնականում դատարկ են, իսկ նոր իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են վերանայել նախկին համակարգի տնտեսական հիմքերը։
Ֆինանսների նախարար Անդրաշ Կարմանը հայտարարել է, որ հունիսի սկզբին կներկայացվեն հարկային համակարգի բարեփոխումների մանրամասները։ Եթե ծրագիրն ընդունվի, Հունգարիան կարող է դառնալ Եվրամիության առաջին գործող անդամ պետությունը, որը վերջին տասնամյակներում կվերականգնի հարստության հարկը։
«Tisza» կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն՝ տարեկան 1 տոկոս հարկ կգանձվի այն անձանցից, որոնց կարողությունը գերազանցում է 1 միլիարդ ֆորինտը (մոտ 2,4 միլիոն ֆունտ ստեռլինգ)։ Հարկը կկիրառվի միայն այդ շեմը գերազանցող մասի նկատմամբ։
Հաշվարկի մեջ կներառվեն անշարժ գույքը, ընկերությունների բաժնետոմսերը, արտասահմանյան ակտիվները, ինչպես նաև զբոսանավերը, մասնավոր ինքնաթիռները, արվեստի գործերը և թանկարժեք ավտոմեքենաները։ Նախատեսվում է նաև հաշվի առնել ընտանիքի անդամների անունով գրանցված ակտիվները՝ հարկերից խուսափելու հնարավորությունները սահմանափակելու համար։
Հունգարիայի ներկա հարկային համակարգը համարվում է Եվրոպայի ամենաբարենպաստներից մեկը մեծ կարողություն ունեցողների համար։ Եկամտային հարկը կազմում է 15 տոկոս։ Նոր կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ հարստության հարկը թույլ կտա նվազեցնել այդ անհավասարակշռությունը և լրացուցիչ միջոցներ ուղղել սոցիալական ծրագրերին, ինչպես նաև նվազեցնել ցածր եկամուտ ունեցողների հարկային բեռը։
Քննարկումները շարունակվում են, սակայն արդեն ակնհայտ է, որ Հունգարիան կանգնած է վերջին տասնամյակների ամենախոշոր տնտեսական ու քաղաքական վերափոխումներից մեկի շեմին։