Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել քվեարկության արդյունքները
Եվրամիությունը կոչ է անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել Հայաստանում հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և ընտրական բողոքները լուծել բացառապես իրավական մեխանիզմների կիրառմամբ։ Այս մասին նշված է ԵՄ տարածած հայտարարության մեջ։
«Եվրոպական Միությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրականացնելու առիթով և բարձր է գնահատում քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։ Այս քվեարկությունը վկայում է ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանային սերտ համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ կապերի ամրապնդմանը հավատարիմ մնալու Հայաստանի հաստատակամ հանձնառության մասին։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական զեկույցների և եզրակացությունների համաձայն, չնայած քարոզարշավը խիստ բևեռացված էր, ընտրությունները կազմակերպվել են ներառականության սկզբունքով, առաջարկվել են հստակ քաղաքական այլընտրանքներ և լավ կազմակերպված են եղել՝ ամուր իրավական հիմքի վրա։
Նախընտրական քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշումների և շարունակական հիբրիդային հարձակումների համատեքստում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցներով, որոնք նպատակ են ունեցել կաթարել ժողովրդավարական գործընթացը և հրահրել բևեռացում: Այնուամենայնիվ, ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և առաջընթացը բարեփոխումների իր ճանապարհին: Դրանք նաև ընդգծեցին հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին, խաղաղ քաղաքական մասնակցությանը և կայուն, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի ձգտմանը:
ԵՄ-ն ի գիտություն է ընդունում հրապարակած նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հստակ առաջատար է։
Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և ընտրական բողոքները լուծել բացառապես իրավական մեխանիզմների կիրառմամբ։
ԵՄ-ն հաստատակամորեն կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին և հավատարիմ է մնում ժողովրդավարական ուղու վրա Հայաստանին աջակցելու և մեր գործընկերությունն էլ ավելի խորացնելու իր հանձնառությանը։
Մենք ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը Հայաստանի ապագա կառավարության և խորհրդարանի հետ՝ իրականացնելու նրանց բարեփոխումների համապարփակ օրակարգը, խթանելու տարածաշրջանային խաղաղությունը, տնտեսական աճն ու փոխկապակցվածությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը, դիմակայունությունը, ժողովրդավարությունն ու բարգավաճումը»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ։