Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քիմիական թունավորումները երեխաների շրջանում շարունակում են մնալ հանրային առողջապահական առաջնահերթությունների շարքում, դրանք չեն սահմանափակվում միայն մեկ երեխայի առողջական խնդրով, այլ լուրջ բեռ են պետության համար: Թունավորված երեխաները պահանջում են թանկարժեք վերակենդանացման ծառայություններ, երկարատև հոսպիտալացում և երբեմն վիրահատական միջամտություններ (օրինակ՝ կերակրափողի քիմիական այրվածքների դեպքում):
Որոշ քիմիական նյութեր (կապար, ծանր մետաղներ խաղալիքների մեջ, թթուներ) կարող են թողնել մնացորդային ծանր հետևանքներ՝ նյարդային համակարգի խանգարումներ, կերակրափողի նեղացում և ներքին օրգանների անդառնալի վնասում: Շատ քիմիական նյութեր վաճառվում են վառ, գրավիչ գույներով և չունեն «երեխաներից պաշտպանող» հատուկ կափարիչներ: Բացի այդ, ծնողները հաճախ ժավելը կամ ացետոնը լցնում են հյութի կամ ջրի շշերի մեջ, ինչը մահացու սխալ է:
Երևանի պետական բժշկական համալսարանից հայտնում են, որ միայն 2026 թվականին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում արձանագրվել է քիմիական թունավորման 431 դեպք, որից օրգանական նյութերից` 18 դեպք, դրանցից շուրջ 66% կազմել է ացետոնից թունավորման դեպքերը` մինչև 18 տարեկան բնակչության շրջանում:
Ացետոնը քիմիական նյութ է, որն օգտագործվում է որպես լուծիչ՝ եղունգների լաքը հեռացնող միջոցներում, ներկերի, սոսինձների և որոշ կենցաղային ու արդյունաբերական արտադրանքների մեջ։ Այն անգույն, հեշտ գոլորշիացող և սուր հոտ ունեցող հեղուկ է։ Չնայած կենցաղում լայն կիրառությանը՝ ացետոնը կարող է վտանգավոր լինել առողջության համար, հատկապես երեխաների համար։
Ացետոնից թունավորումը կարող է առաջանալ՝
• ացետոն պարունակող հեղուկը պատահաբար խմելու դեպքում,
• մեծ քանակությամբ գոլորշիներ շնչելու դեպքում,
• մաշկի կամ աչքերի հետ երկարատև շփման արդյունքում,
• փակ և վատ օդափոխվող տարածքներում աշխատելիս։
Երեխաները հատկապես խոցելի են, քանի որ կարող են շփոթել հեղուկը ջրի կամ այլ խմիչքի հետ։
Թունավորման նշանները կախված են ներթափանցած նյութի քանակից և ազդեցության տևողությունից։ Հիմնական ախտանշաններն են` գլխացավ, գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց, փսխում, քնկոտություն, աչքերի, քթի և կոկորդի գրգռում։ Այս ախտանշանները ի հատ են գալիս թեթև և միջին ծանրության թունավորման դեպքում:
Եթե երեխան կամ մեծահասակը խմել է ացետոն՝
• անմիջապես դադարեք նյութի հետ հետագա շփումը,
• տուժածին տվեք փոքր քանակությամբ ջուր, եթե նա գիտակից է և կարող է կուլ տալ,
• չի թույլատրվում ինքնուրույն փսխում առաջացնել,
• անմիջապես դիմեք շտապ բժշկական օգնության կամ բժշկական կազմակերպություն:
Եթե տեղի է ունեցել գոլորշիների ներշնչում
• տուժածին տեղափոխեք մաքուր օդ,
• թուլացրեք սեղմող հագուստը,
• հետևեք շնչառությանը,
• եթե շնչառությունը դժվարացած է կամ տուժածը կորցնում է գիտակցությունը, անհապաղ կանչեք շտապ օգնություն։