Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքի վիճարկման գործով քննությանը
Իրավունք
14:51 24/06/2026
Հայաստան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքի վիճարկման գործով քննությանը

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը, ով 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, կմասնակցի ՍԴ-ում՝ ընտրությունների վիճարկման գործի քննությանը։

Սահմանադրական դատարանից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը։ Ըստ այդմ, Սաֆարյանը կմասնակցի դատաքննությանը։

Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրությունների վեճի քննությանը բացառելու պահանջով դիմում էր «Հայաստան» դաշինքը:

«Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, այսինքն՝ նա Արման Բաբաջանյանի քաղաքական թիմակիցն է եղել, իսկ Արման Բաբաջանյանը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ նույնպես ՍԴ դիմում է ներկայացրել»,- Panorama.am-ին ասել էր փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք՝ ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն, ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Ըստ ՍԴ որոշումների, նրանց մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»։

Այսպիսով, հունիսի 26-ին ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը կմասնակցեն Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքի վիճարկման գործով քննությանը