Այս պահին մեզ ավելի ցավոտ կլինի Ռուսաստանից հրաժարվել, քան 2018 թ.-ին. Թավադյան
Տնտեսություն
15:52 26/06/2026
Հայաստան

Այս պահին մեզ ավելի ցավոտ կլինի Ռուսաստանից հրաժարվել, քան 2018 թ.-ին. Թավադյան

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Շատ ակտիվ աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե չլինեն լուծումներ, դա լրիվ ուրիշ բան է նշանակում՝ առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար։ Ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա։ Եվ  Եվրասիական տնտեսական միությունը պետք է այդ հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա, և մենք՝ որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել։ Եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի՝ գիտեք ինչ, ես այլևս չկամ, դե եթե իրենք չկան, մենք ի՞նչ կարող ենք անել։  Մենք կանք, մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք և աշխատում ենք այնտեղ։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա։ Եթե ուղիղ կամ ակնարկով կասի, որ չկա, դե մենք ի՞նչ անենք։ Այն, ինչ մեզ մոտ տեղի է ունենում, Եվրասիական տնտեսական միության մի քանի երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն է առաջացնելու։ Մենք Կառավարության նիստերում խոսում ենք դիվերսիֆիկացիայի այս պրոցեսների մասին, և ես համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության մի շարք երկրներում այս պրոցեսն առանց հայտարարելու տեղի է ունենում, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, նրանք գնահատելու են որպես ռիսկ, որը իրենց առջև կանգնած է»։

Հայտնի իրողություն է, որ ՀՀ-ի վերջին տարիների տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է ԵԱՏՄ-ի և ռուսական գործոնով։ Ստեղծված իրավիճակն ինչպես կազդի Հայաստանի տնտեսության վրա։ Վերոնշյալ հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանին։

Ա. Թավադյան-2026 թ առաջին եռամսյակում ունենք 3.95% կամ 4% տնտեսական աճ, այն առաջին հայացքից լավ ցուցանիշ է, բայց եթե ավելի մանրամասն նայենք, ապա տեսնում ենք խնդիրներ։ Առաջին՝ այն, որ տնտեսական աճը դանդաղում է, եթե համեմատենք նախորդ տարիների հետ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում ունենք 12.4 % տնտեսական աճ, 2024 թ առաջին եռամսյակում՝ 7%, 2025 թվականին՝ 5.4% և այս տարվա ցուցանիշը 3.95%, հստակ երևում է, որ կա աճի դանդաղում։

Պետք է հասկանալ, որ Հայաստանում տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել դրսից եկած ազդակներով՝ հիմնականում ՌԴ-ից։ Օրինակ՝ 2022 թ տնտեսական աճի կեսը պայմանավորված է եղել ՌԴ-ից եկած կապիտալով և աշխատուժով, որոնք անմիջապես ազդել են ֆինանսական կամ բանկային և ՏՏ ոլորտների զգալի աճի վրա։

2026 թ առաջին եռամսյակի պատկերը հետևյալն է, մենք ունենք 4% և առաջին հայացքից դրական շարժ կա։ Օրինակ՝ անցած տարի հանքարդյունաբերությունը գրանցված 11 % անկումից, այս պահին 35% աճ է գրանցել, շինարարությունը նախորդ տարվա 14%-ի համեմատ, մոտավորապես 24 % աճ է գրանցել, նույնը արդյունաբերությունը՝ նախորդ տարվա 22% անկման դեպքում, այս տարի3-4% դրական աճ կա։ Սակայն տնտեսության հիմնական շարժիչ ուժը, որը ֆինանսական հատվածն է, բանկային համակարգը, բավական մեծ անկում է արձանագրել։ Եթե համեմատենք անցած տարի և դրա առաջին տարիներին  հետ, ապա նախորդ տարի առաջին եռամսյակում 27% աճ էր գրանցել, իսկ այս տարի առաջին եռամսյակում ունենք 13% անկում և ընդհանուր առմամաբ 4 % աճին բացասաբար է ազդել 1 տոկոսային կետով։

Եթե ֆինանսական ոլորտը անկում չապրեր, այլ լիներ 0-յական աճ, մենք կունենայինք տնտեսական ոչ թե 4 %, այլ 5 %  աճ։ Իսկ ներկայում հիմնականում աճը պայմանավորվել է շինարարությամբ և հանքարդյունաբերությամբ։ Բայց քանի որ հիմնական անկումն անդրադարձել է մեր բանկային կամ ֆինանսական ոլորտին, որը մեր տնտեսության շարժիչ ուժն է, և հիմնականում ինքն է բաշխում տնտեսական աճը։ Մեր տնտեսությունը այպես է աշխատում, հիմնականում դրսից կապիտալը գալիս է բանկային համակարգ, որը շղթայաձև ազդում է մյուս ճյուղերի վրա՝ Շինարարություն, անշարժ գույք, արդյունաբերություն։ Ֆինանսական հատվածի բացասական ցուցանիշը կարող է ազդել տնեսության մյուս ճյուղերի, հատկապես շինարարության և ծառայությունների վրա և աճի այս անկումը կարող է խորանալ։

Panorama.am-Ակնհայտ է որ ՌԴ-ից նաև հայկական գյուղմթերքի ներմուծման արգելքը էականորն կազդի ՀՀ տնտեսական աճի ցուցանիշների վրա։ Ի՞նչ սպասենք այս սահմանափակումներից։

Ա.Թավադյան-ԿԲ-ն կարծիք է ներկայացրել և թյուր կարծիք է ստեղծվում, որ այն բացասաբար չի ազդի մեր տնտեսության վրա։ Որովհետև մենք պետք է հասկանանք, որ շատ ճյուղեր, օրինակ ձկնարդյունաբերությունը, որ այս պահին եկամուտ չստանա, կարող է սնանկ ճանաչվել և հաջորդ սեզոններին ո՛չ ֆինանսական միջոցներ ունենա, ո՛չ մոտիվացիա որպեսզի շարունակի ձուկ արտադրել։ Սա՝ առաջին։ Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ մեր տնտեսության վերջին շրջանի զգալի աճը պայմանավորված է եղել հիմնականում ռուսական գործոնով, որովհետև և՛ կապիտալի ֆինանսական ներհոսքն է ՌԴ-ից մեծ եղել, և՛ աշխատուժի, և՛ կապերն են ավելի ամրապնդվել։

Այսինքը, այս պահին Հայաստանի կապը Ռուսաստանի Դաշնույթան հետ էլ ավելի մեծ են, քան2018 թվականաին և այս պահին մեզ ավելի ցավոտ կլինի Ռուսաստանից հրաժարվել, քան 2018 թվականին էր հատկապես որ ֆինանսական ոլորտն այսօր անկում է ապրել և մենք չունենք այն ֆինանսական բարձիկը, որպեսզի մեղմենք այս ազդեցությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder