Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԸՀ-ն իրացրեց մի լիազորություն, որը չուներ, ՀԿԿ գործելաոճը տարբերվեց նախորդ ընտրություններից. ՍԴ-ում Վարդևանյանը թվարկեց արձանագրած խախտումները
«Մեր կողմից ներկայացված դիմումը իր մեջ, որպես ելակետային տվյալ, դիտարկում է 2026 թվականի փետրվարից 7-ից մինչը հունսի 7-ն ընկած ժամանակահատվածը, այնուհետև՝ հունիսի 7-14-ը՝ ելնելով ԿԸՀ-ի գործողություններից, որոշումներից»,-ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում ընտրական տեսանկյունից որոշակի իմաստով աննախադեպ էր՝ իր վարչական ռեսուրսի չարաշահման ծավալով.
«Կենսաթոշակի բարձրացումը պարզապես տեխնիկական գործընթաց չէ, կենսաթոշակի բարձրացումը սոցիալապես խոցելի ստվար զանգված ունեցող հասարակությունում մեծ ազդեցություն ունի, երբ այդ բարեփոխումը կատարվում է փետրվարի 7-ին հաջորդող ժամանակահատվածում, իսկ դրանից մի քանի ամիս առաջ նույն այդ գործադիր իշխանության ղեկավարը ԱԺ-ում հայտարարում է այն մասին, որ կենսաթոշակի բարձրացման անհրաժեշտություն չկա։ Արդյո՞ք սա ընտրական գործընթացի հավասարությունը արգելափակող և խաթարող գործողություն չէ։ Կարծում եմ՝ անհամատեղելի է Սահմանադրության 7-րդ հոդվածի պահանջների հետ»։
Վարդևանյանը նշեց, որ այս ընտրություններն ուղեկցվել են ակնհայտ ատելության խոսքի տարածմամբ. «Ատելության խոսքի թիվ մեկ տարածողը կրկին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակի առաջին համարը հանդիսացող պատգամավորի թեկնածուն էր (Նիկոլ Փաշինյան-խմբ.), ինչպես 2021 թվականին»։ Նա պնդեց, որ եթե նման խոսույթ չլիներ, ընտրությունների արդյունքները կարող էին այլ լինել։
Նա ընդգծեց, որ այս ընտրությունները տարբերվել են նախորդող ցանկացած ընտրությունից նաև Հակակոռուպցիոն կոմիտեի գործելաոճից ելնելով։
Վարդևանյանն ասաց, որ քվեարկություն օրը վարչական ռեսուրսի դիրքերից հանդես գալը եղել է ակնհայտ, այն չէր էլ կարող չլինել, քանի որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակի 90 տոկոսը պաշտոնյաներ են։ Այս մասին արձանագրվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելութան կողմից։
«Ունենք իրավիճակ, որ շուրջ 17 հազար քվեարկություններն իրականացվում են գաղտնի ռեժիմով։ 2021 թվականի հետ համեմատության մեջ՝ այս թիվն էապես աճել էլ։ Ունենք շուրջ 80 հազար այսպես կոչված չաշխատող անձնագրեր։
Այս դատաքննության ընթացքում պարզելու ենք, որ նույնիսկ 100 ձայնը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ»,- նշեց նա։
Վարդևանյանը նաև հայտարարեց, որ ԿԸՀ-ն այս ընտրությունների ժամանակ իրացրեց մի լիազորություն, որը, գտնում են, իրենք չունեն. «ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ որոշում է, որ 10/51, 35/65 ընտրական տեղամասերում տեղի են ունեցել ընտրախախտումներ, այդ տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր են»։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ՝ հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները։
Մանրամասն՝ տեսանյութերում։