Թափթփված, հապճեպ, առանց հասկանալու քայլեր են անում, որոնք «հիվանդի»(գյուղատնտեսության) վիճակը դարձնում է անկառավարելի և ծանր. Աշոտ Հարությունյան
Տնտեսություն
11:53 29/06/2026
Հայաստան

Թափթփված, հապճեպ, առանց հասկանալու քայլեր են անում, որոնք «հիվանդի»(գյուղատնտեսության) վիճակը դարձնում է անկառավարելի և ծանր. Աշոտ Հարությունյան

ՌԴ հայկական գյուղմթերքի ներմուծման արգելքի ֆոնին՝ կառավարությունը վերջին նիստում տնտեսվարողներին հերթական աջակցման ծրագիրն ընդունեց՝ վարկերի մարման արտոնությունները երկարաձգելով ջերմոցային տնտեսությունների համար։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ ջերմոցային տնտեսություններին էլ պարբերաբար զգուշացվել էին իրենց արտադրանքի որակի բարելավման անհրաժեշտության մասին։ Դրան զուգահեռ ՌԴ-ից հայտնեցին հերթական սահմանափակումների մասին՝ այս անգամ արգելելով Հայաստանի ձկնամթերքի ներմուծումը։ Panorama-am-ը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք արդյունավետ են ՌԴ-ի սահմանափակումների հետևանքները մեղմող կառավարության ծրագրերը։

«Ոչ մի լուծում  չկա, ոչ մի վերլուծություն չկա, պահի տակ որոշում են ընդունում։ Ձկան վրա որոշ ժամանակ առաջ մասնակի սահմանափակում էին դրել, որի ընթացքում, որոշ տնտեսվարողներ դեռևս կարողանում էին արտահանել, հիմա ամբողջովին փակեցին ձկան արտահանումը, նշանակում է սահմանափակումները չեն թուլանում, ընդհակառակը՝ ուժեղանում են։

Սրան համապատասխան փոխանակ սթափ, ոչ թե հապճեպ որոշումներ կայացնեին՝ անհրաժեշտ էր գիշեր-ցերեկ խորը վերլուծություն։ Իրենք դեռևս մի քանի տարի առաջ պետք է հիմնական շուկան կարգավորելու քայլեր արած լինեին, որովհետև նրանք էն գլխից մտադրություն ունեցել էին, որ մարդկանց պետք է բերեին կանգնեցնեին նման հարցերի առաջ։

Սա կրկնակի վտանգավոր է, որովհետև մի կողմից շուկայի դիվերսիֆիկացիա չեն արել՝ փաստաթղթային, կապերի առումով և այլն, մյուս կողմից էլ ֆերմերներին, հողագործներին և այգետերերին չեն նախապատրաստել ռիսկերի կառավարմանը։ Ընդհակառակը՝ մեծացրել են ռիսկերը, քանի որ ջերմոցային տնտեսությունների ծրագրեր են արել, որոնցում նորից փոփոխություններ են անում, նշանակում է՝ խորացնում և մեծացնում են մարդկանց վարկային բեռը, իսկ այն նշանակում է, որ իրենք թափթփված, հապճեպ, առանց հասկանալու քայլեր են անում, պահի տակ որոշումներ են կայացնում, որոնք «հիվանդի» վիճակը դարձնում են անկառավարելի և ծանր հետևանքներով լի։ Հիվանդ ասելով՝ նկատի ունեի ընդհանուր գյուղատնտեսությունը»,-ասաց Աշոտ Հարությունյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder