Ինչո՞ւ և ինչո՞վ եք ձեզ այդպես կաշկանդել. Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին
Քաղաքական
16:08 29/06/2026
Հայաստան

Ինչո՞ւ և ինչո՞վ եք ձեզ այդպես կաշկանդել. Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին

«Դիմողները, երրորդ անձիք, դատավորներն իրենց որոշ հարցադրումներով անդրադարձան խնդիրների, ինչո՞վ եք բացատրում, որ դուք դրանց կարևորություն չեք տվել և այսօր այդ կարևորություն չտալը շահարկվում է բոլոր կողմերի մոտ»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանը այս հարցը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը ուղղեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։

Նա նաև մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է գործոններին, ազդող գործոններին,  վարչական վարույթներին, վարչական վարույթների շրջանակներում ավելի լայնածավալ գործողություն չկատարելուն։

Հովակիմյանը պարզաբանեց՝ որպեսզի խախտում ձևակերպվի, պետք է լիներ ուժի մեջ մտած դատական ակտ կամ այլ իրավական ակտ։ 

«Որպեսզի ԿԸՀ-ն այդ երևույթների հետ կապված իրավական հետևանք առաջացնող գնահատական տա, պետք է ունենա ուժի մեջ մտած իրավական ակը։ Մենք զուտ քրեական գործի քննության փաստով իրավական հետևանք առաջացնող որոշումներ, իմ կարծիքով, չէինք կարող  կայացնել։ Այս կարծիքը կիսում են ԿԸՀ բոլոր անդամները»,- ասաց ԿԸՀ նախագահը։ 

Սաֆարյանը նշեց, որ բոլորի հիմնական փաստարկը վերաբերում է մինչև ընտրության պահն արդեն ձևավորված ընտրողի ազատ կամքի վրա ազդեցություն ունեցած գործոնների լայնածավալությանը։ 

Հովակիմյանը կրկնեց. «ԿԸՀ-ն ընթացքի մեջ գտնվող գործընթացներին միջամտելու կամ հիմք վերցնելու և դրանց հիման վրա իրավական գնահատականներ տալու լիազորություն, իմ կարծիքով, ԿԸՀ անդամների կարծիքով, օժտված չէ, որովհետև ստացվում է՝ դեռ չունենալով իրավական ակտ, որը փաստում է  որևէ անձի, կուսակցության կողմից իրավախախտում թույլ տալու փաստին, ԿԸՀ-ն  հիմք վերցնի և տա իրավական գնահատական, նման իրավասություն չունի»։ 

Ի պատասխան Վահագն Հովակիմյանի հայտարարությունների, Սաֆարյանն ասաց. «Ինչո՞ւ եք ձեզ այդպես կաշկանդել, ինչո՞վ եք ձեզ այդպես կաշկանդել, ի՞նչն է ձեզ արգելում, որպեսզի պետական մարմիններից տեղեկություն ստանք, Ընտրական օրենսգիրքը նման արգելքներ, կարծում եմ, չունի»։ 

ԿԸՀ նախագահն ասաց, որ անհրաժեշտ տեղեկություն, ինչ իրենց պետք է, ստանում են պետական մարմիններից, բայց տեղեկությունների հիման վրա իրավական հետևանք առաջացնելը, ԸՕ-ն իրենց նման իրավունք չի տալիս։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder