Նեթանյահուի դիրքորոշումը խոչընդոտում է Իրան-ԱՄՆ համաձայնագիրը. Իրանագետ
Քաղաքական
17:33 09/07/2026
Տարածաշրջան

Նեթանյահուի դիրքորոշումը խոչընդոտում է Իրան-ԱՄՆ համաձայնագիրը. Իրանագետ

«Այն լարվածությունը, որ կար երկու պետությունների միջև, դարձավ հակամարտության վերսկսման պատճառը, քանի որ հակամարտության իրական պատճառը որևէ կերպ չէր լուծվել, իսկ համաձայնագիրը հիմնականում վերաբերում էր բանակցություններին, սակայն այն երկու կողմից էլ խախտվեց։ Բայց սա չի նշանակում, որ նոր բանակցություններ չեն լինելու, քանի որ կողմերը չեն հայտարարել, որ դրանք բացառում են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը` անդրադառնալով վերջին մեկ օրվա ընթացքում Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությանը։

Նրա խոսքով՝ Իրանի ներքաղաքական տրամադրություններում նույնպես էական փոփոխություն դեռևս չի նկատվում։

«Դեռևս ընթանում է Խամենեի թաղման արարողությունը, ինչը ցույց է տալիս, որ հոգևոր առաջնորդն ուներ լայն ընդունում։ Իրանի ներքաղաքական կյանքում այս պատերազմից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, իսկ հասարակության դիրքորոշումն ավելի շատ պատերազմի բացառումն է և տնտեսական խնդիրների լուծումը»,- նշեց Միսակյանը։

Անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերություններին՝ իրանագետը շեշտում է, որ լարվածության հետագա զարգացումը մեծապես պայմանավորված է Իսրայելի դիրքորոշմամբ։

«ԱՄՆ-Իրան մշտական լարվածությունը հիմնականում կախված է Իսրայելի դիրքորոշումից և Նեթանյահուի այն ցանկությունից, որ նա չի փորձում գնալ համաձայնության և խոչընդոտում է համաձայնագրին»,- ասեց իրանագետը։

Միսակյանի գնահատմամբ՝ գործնականում այս փուլում արդեն ամբողջ Մերձավոր Արևելքն էր ներգրավված հակամարտության մեջ։

«Եթե նայենք պատերազմի ընթացքին և հարվածներին, ապա տեսնում ենք, որ տարածաշրջանն արդեն ընդգրկված է։ Հակամարտության ընդլայնումը նաև կախված է ԱՄՆ-ի և Իսրայելի հետագա գործողություններից»,- ընդգծեց իրանագետը։

Լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում, ըստ փորձագետի, վտանգի տակ կհայտնվեն ոչ միայն հայ-իրանական, այլև ամբողջ տարածաշրջանային տնտեսական կապերը։

«Եթե մեծ պատերազմ վերսկսվի, վտանգվելու են ոչ միայն հայ-իրանական, այլ նաև տարածաշրջանային կապերը։ Սակայն այս փուլում դա կանխատեսելը բավականին դժվար է։ Եթե պատերազմը վերսկսվի, տնտեսական խնդիրներ կունենան բոլորը, ինչն արդեն տեսել ենք նախկինում»,- նշեց նա։

Խոսելով հնարավոր դիվանագիտական զարգացումների մասին՝ Միսակյանը նկատեց, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել։

«Այս փուլում դժվար է ասել, թե ինչ պայմաններ կամ համաձայնություններ կլինեն։ Կարծում եմ՝ նորից փորձ կլինի Պակիստանի միջնորդությամբ, ինչի մասին վկայում են նաև պաշտոնյաների փոխադարձ հայտարարությունները»,- եզրափակեց Գարիկ Միսակյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder