Իսպանիայում մոլեգնում են անտառային հրդեհները. Կան մեկ տասնյակից ավելի զոհեր
Հասարակություն
11:22 10/07/2026
Աշխարհ

Իսպանիայում մոլեգնում են անտառային հրդեհները. Կան մեկ տասնյակից ավելի զոհեր

Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 6-ը վիրավորվել։ Հայտնում է BBC-ն ։  Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ զոհերի մարմինները հայտնաբերվել են Բեդար գյուղում՝ Լոս Գալյարդոսի մերձակայքում։

Զոհերից մի քանիսի մարմինները գտել են իրենց մեքենաներում, իսկ մյուսները փորձել են փրկվել արագ տարածվող կրակից։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է շուրջ 150 հրշեջ, Իսպանիայի ռազմական արտակարգ իրավիճակների ստորաբաժանումը (UME) նույնպես միացել է հրդեհաշիջման գործողություններին։ Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը կարող էր առաջանալ էլեկտրահաղորդման գծի ընկնելու  հետևանքով, սակայն իշխանությունները դեռ չեն հաստատել դրա պատճառը։ Հրդեհի պատճառով փակվել են ճանապարհներ, տարհանվել է շուրջ 1000 բնակիչ։

Անդալուսիայի առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարար Անտոնիո Սանսը նշել է, որ հրդեհը եղել է բարդ և շատ արագ տարածվող, իսկ տարածաշրջանի ղեկավար Խուանմա Մորենոն տեղի ունեցածը բնութագրել է որպես ողբերգություն։ Վիրավորներից մեկը հոսպիտալացվել է շնչառական խնդրով, մյուսը ստացել է այրվածքներ, իսկ ևս չորս մարդ բուժօգնություն է ստացել թեթև այրվածքների և շնչառական խնդիրների պատճառով։

Այս ամռանը Հարավային Եվրոպայում գրանցվող մինչև 40–42°C հասնող շոգը նպաստել է անտառային հրդեհների տարածմանը։ Նման խոշոր հրդեհների դեմ ներկայում պայքարում են նաև Ֆրանսիայում և Պորտուգալիայում, որտեղ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։

Փորձագետների գնահատմամբ՝ կլիմայի փոփոխությունը մեծացնում է նման աղետների հավանականությունը։ Եվրոպան շարունակում է մնալ ամենաարագ տաքացող մայրցամաքը, իսկ աճող ջերմային ալիքներն ու երաշտը հանգեցնում են ավելի ինտենսիվ և հաճախակի անտառային հրդեհների։ Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգի (EFFIS) տվյալներով՝ անցյալ տարի Իսպանիայում այրվել է ռեկորդային 393 հազար հեկտար տարածք, իսկ ամբողջ Եվրոպայում՝ ավելի քան մեկ միլիոն հեկտար, ինչը վերջին տասնամյակների ամենածանր հրդեհային եղանակներից մեկն էր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսպանիայում մոլեգնում են անտառային հրդեհները. Կան մեկ տասնյակից ավելի զոհեր