Արզաքանցյան ու Ռոտենբերգ. Հայտնի ամուսնալուծության հոգեբանական կուլիսները
Հասարակություն
15:21 11/07/2026
Հայաստան

Արզաքանցյան ու Ռոտենբերգ. Հայտնի ամուսնալուծության հոգեբանական կուլիսները

Օրեր շարունակ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի ու Նատալյա Ռոտենբերգի ամուսնալուծությունը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Կողմերը հանդես են եկել հայտարարություններոբ, դատարանն արդեն կայացրել է որոշումը։

Սովորաբար երբ հանրությանը հայտնի զույգերը բաժանվում են համատեղ կյանքի ինչ-որ փուլում, մարդիկ հաճախ փնտրում են սենսացիոն պատճառներ։ Սակայն, եթե մի կողմ դնենք անձնական դրամաները, հարաբերությունների հոգեբանությունն ու վիճակագրությունը փաստում են մի հետաքրքիր օրինաչափություն. 7-8 տարվա համատեղ կյանքը զույգերի համար ամենավտանգավոր սահմանագծերից մեկն է։

Աշխարհում սա հայտնի է որպես «յոթ տարվա ճգնաժամ» (The Seven-Year Itch) ֆենոմեն, թեև ժամանակակից տվյալները, այդ թվում՝ ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի վիճակագրությունը, ցույց են տալիս, որ հարաբերությունների իրական ավարտը կամ փաստացի  ամուսնալուծությունը հաճախ տեղի է ունենում հենց ութերորդ տարում (միջինը՝ 8.2 տարի)։

Յոթ տարվա ճգնաժամ հասկացությունը հայտնի է դարձել 1952 թվականի համանուն Բրոդվեյան պիեսի և ռեժիսոր Բիլի Ուայլդերի 1955 թվականի հոլիվուդյան ֆիլմի շնորհիվ (գլխավոր դերերում՝ Մերիլին Մոնրո և Թոմ Յուել)։

Ինչո՞ւ է հենց ութ տարին դառնում ճակատագրական։ Առաջին հերթին, սա այն ժամանակահատվածն է, երբ սիրահարվածության կենսաբանական էյֆորիան վաղուց անցյալում է, իսկ կենցաղն ու սովորույթները դառնում են գերակշռող։ Ըստ հայտնի հոգեբաններ Դենիել Լևինսոնի և Ջորջ Վայլանտի «Մեծահասակների զարգացման տեսության»՝ մարդու անհատական հոգեբանական աճը տեղի է ունենում մոտավորապես յոթնամյա փուլերով։ Սա նշանակում է, որ ութ տարի առաջ միմյանց սիրահարված և նույն նպատակներն ունեցող մարդիկ ժամանակի ընթացքում անխուսափելիորեն փոխվում են։ Այն, ինչ նրանց պետք էր հարաբերությունների սկզբում, ութ տարի անց կորցնում է իր նշանակությունը։ Այսինքն եթե հենց այս փուլում զույգը չի աշխատում իրենց հարաբերությունների վերակառուցման վրա, բաժանումն անխուսափելի է;

Այս ամենին գումարվում է նաև տարիքային հոգեբանությունը և կյանքի տարբեր փուլերի բախումը, ինչը հատկապես ակնառու է դառնում, երբ ամուսինների միջև կա տարիքային զգալի տարբերություն, ինչպես, օրինակ, 59-ամյա Արզաքանցյանի և 45-ամյա Նատալյա Ռոտենբերգի դեպքում։ Էրիկ Էրիկսոնի «Հոգեսոցիալական զարգացման տեսությունը» հուշում է, որ տարբեր տարիքային խմբերում մարդիկ լուծում են բոլորովին տարբեր հոգեբանական խնդիրներ, և ութ տարվա սահմանագծին նրանց ներքին ճգնաժամերը կարող են պարզապես հակասել միմյանց։

45 տարեկանը կնոջ համար հաճախ սեփական անկախության, ինքնիրացման և «կյանքի կեսի ճգնաժամի» (Midlife crisis) բուռն շրջան է, երբ նա վերագնահատում է իր ձեռքբերումներն ու փնտրում նոր դերեր։ Մինչդեռ 59 տարեկանը տղամարդու համար ավելի շատ կայունության պահպանման, կյանքի արդյունքներն ամփոփելու և կյանքի տեմպի դանդաղելու փուլն է։ Նման  իրավիճակում երկու տարբեր հոգեբանական բևեռներում հայտնված ամուսինների համար չափազանց դժվար է գտնել այն ընդհանուր հայտարարը, որը նախորդ տարիներին պահում էր նրանց միությունը։

Ի վերջո, հարաբերությունները նաև հոգեբանական ներդրում են, ինչը հրաշալիորեն բացատրում է հոգեբան Էլեյն Հեթֆիլդի «Սոցիալական փոխանակության և արդարության տեսությունը» (Social Exchange and Equity Theory)։ Ըստ այս տեսության՝ ութերորդ տարում մարդիկ կամա թե ակամա սկսում են սառնասրտորեն հաշվեկշռի բերել իրենց տվածն ու ստացածը՝ գնահատելով, թե արդյո՞ք հարաբերությունների վրա ծախսվող էներգիան, զիջումներն ու հուզական ռեսուրսները համապատասխանում են այն բավարարվածությանը, որն իրենք ստանում են։ Եթե տարիների ընթացքում կողք կողքի ապրելով հանդերձ չի ձևավորվել խորը, գիտակցված ու արժեքային կապ, ապա ներքին դժգոհությունները կուտակվում են և ութ տարվա սահմանագծին հանգեցնում տրամաբանական ավարտի։ Այնպես որ, նման ամուսնալուծությունները ոչ թե տեձղի են ունենում միանգամից կամ չունեն բացատրություն, այլ մարդկային հարաբերությունների բնական, գիտականորեն բացատրելի ճգնաժամի արդյունք են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արզաքանցյան ու Ռոտենբերգ. Հայտնի ամուսնալուծության հոգեբանական կուլիսները