Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակներում կրկին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գնացել է ԱԺ՝ հանդիպելու պատգամավորների ու քննարկելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացը։
«Այս մի քանի օրերից արդեն պարզ է, որ ոնց որ թե միասնական որոշում է կայացված ՔՊ խմբակցության կողմից, որպեսզի խուսափեն այդ հանդիպումներից։ Հակասնում եմ՝ որն է խուսափելու պատճառը. իրենք վախենում են խոսքից ու պատճառներից։ Հանդիպման նպատակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, դրա հիմնավորումները, կառավարության ծրագիրը։
Քանի որ իրենք դրան որևէ հակափաստարկ չունեն, ըստ էության, այդ ձևով խուսափում են, բայց խուսափելն անհետևանք չի մնում»,- լրագրողներին ասաց Է. Ղազարյանը։
Նա հայտնեց, որ երեկ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը հրաժարվել է միայն իրեն ընդունել. «Այս հանդիպումից հետո դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու խտրականության ենթադրյալ հանցագործության հատկանիշներով»։
Է.Ղազարյանը հիշեցրեց, որ արդեն գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրել է ԱԺ փոխնախագահներ, ՔՊ խմբակցության անդամներ Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի վերաբերյալ, որոնք նույնպես քաղաքացիների ընդունելու շրջանակում հրաժարվել են ընդունել իրեն։
«Անհետևանք չի մնում իրենց վարքագիծը։ Իրավական գնահատական է ստանալու»,- նշեց Ղազարյանը։
ԱԺ ընդունարանում Էդգար Ղազարյանին ԱԺ քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժնի պետը տեղեկացրեց, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը նպատակահարմար չի գտնում ընդունել իրեն։
«Մենք իրենց տալիս ենք այն քաղաքացիների ցուցակը, ովքեր հերթագրվում են ընդունելության։ Այլ քաղաքացիների ընդունելություն կա։ Ձեզ նպատակահարմար չեն գտնում ընդունելու»,- ասաց ԱԺ քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժնի պետը։
Ղազարյանը նշեց, որ վաղը գլխավոր դատախազը կստանա հաղորդում հանցագործության մասին Դավիթ Կարապետյանի վերաբերյալ։