Ջալալ Հարությունյանի համար շտապ օգնություն կանչեցին
Իրավունք
14:38 11/06/2025
Հայաստան

Ջալալ Հարությունյանի համար շտապ օգնություն կանչեցին

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր առավոտից ընթանում է 44-օրյա  պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով դաական նիստը։ Դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, այսօր լսում է ամբաստանյալ , ընդհանուր իրավասության դատարանի վճռով մեղավոր ճանաչված ու  հինգ ու կես տարի ազատազրկման դատապարտված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին ու նրա պաշտպանին։

Երբեմն դատավորը ստիպված էր ընդհատել նրանց՝ հիշեցնելով, որ գործը ոչ թե ընդհանուր իրավասության դատարանում է, այլ վերաքննիչ, ասելիքը պետք է վերաբերի բողոքներին, ոչ թե գործում բերված ապացույցներին։

Ջալալ Հարությունյանի հետ դատարան եկած նրա հարազատներից մեկն ասաց՝ Հարությունյանը դժվարանում է պատասխանել հարցերին, 39 աստիճան ջերմություն ունի։

 «Սպասեք, ժողովուրդ։ 17-18 տարեկան մի ա՞նձ է մեր դիմաց նստած, որ մենք հարց ենք տալիս, բարձր ջերմություն ունի, չի պատասխանում։ Դուք հետևից օգնում եք։ Պաշտպանական բանակի հրամանատար է, պաշտպանական բանակ է իրեն վստահված եղել։ Ջերմություն ունե՞ք այս պահին»,- բարկացավ դատավոր Մխիթար Պապոյանը՝ դիմելով Ջալալա Հարությունյանին։

«Հնարավոր է»,-ասաց Հարությունյանը։

Շտապ օգնության ծառայություն կանչեցին, որպեսզի Հարությունյանի ջերմությունը չափեն։

Քիչ անց դատական նիստը 20 րոպեով  ընդմիջվեց, Ջալալ Հարությունյանի համար կանչած շտապ օգնության բժիշկները տեղ հասան։ Դատավորի խնդրանքով նրանք պետք է չափեին Ջ. Հարությունյանի ջերմությունը, հարկ եղած դեպքում ցուցաբերեին առաջին բուժօգնություն, նաև ասեն՝ թույլ տալի՞ս է նրա առողջական վիճակը շարունակել դատական նիստը, թե՞ ոչ։

Դատական նիստն ընդմիջումից հետո շարունակվեց Հարությունյանի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ 44-օրյա  պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։

Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder