Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԱՏՄ-ն «Տաշիր Պիցցա»-ում ինչո՞ւ այդ նույն առաստաղի խնդիրն անցած տարի չի նկատել. Պիպոյան
«Չեմ կարծում՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի քաղաքացի, որ կարծում է «Տաշիր Պիցցա»-ում ՍԱՏՄ ստուգումների հետ կապված տվյալները քաղաքական գնահատական չեն պարունակում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նշենք, որ հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ սկսած հետապնդումների հետ միաժամանակ ակտիվացավ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջը։ Միայն այսօր ժամը 11։00-ի դրությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է չորս հաղորդագրություն «Տաշիր պիցցա» ընկերության սննդի կետերում հայտնաբերած խախտումների մասին։ Եվս չորս հաղորդագրություն հրապարակվել էր երեկվա ընթացքում։
Ուշագրավ է, ընկերությանը պատկանող բոլոր 36 հանրային սննդի կետերում ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումի համաձայն։
Ստուգման արդյունքում, օրինակ, տեսչական մարմինը հատնաբերել է, որ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես և այլն։ Արդյունքում մոտ մեկ տասնյակ մասնաճյուղերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
ՀԿ նախագահը համոզված է, որ իսկապես նման խախտումներ տեսչական մարմինը հայտնաբերել է։
«Բայց կարևոր է խախտումների բնույթը, որոնց մասին ՍԱՏՄ-ն խոսում է։ Եթե խոսում ենք առաստաղի հետ խնդրի մասին, հարց է առաջանում, այդ առաստաղն ա՞յս տարի են սարքել։ Անցած տարի էլ չէ՞ «Տաշիր Պիցցա»-ն դիմել էր, որ ստուգում իրականացնեին։ Այդ նույն առաստաղի խնդիրը ինչո՞ւ անցած տարի չեն նկատել։ Հիմա որ նկատեցին, ինչո՞ւ աշխատանքից չեն ազատել այն տեսուչին, որ այդ խախտումը չէր տեսել։ Սա ուղիղ վկայում է այն մասին, որ խնդիր է դրած եղել հնարավորինս մեծ աղմուկ ապահովել «Տաշիրի» հետ կապված»,-ընդգծեց Պիպոյանը։
Սպառողների շահերի պաշտպանույամբ զբաղվող կազմակերպության հիմնադիրն այն կարծիքին է, որ պետք է ունենանք այնպիսի լիազոր մարմին, որ բոլորին ստուգի այնպես, ինչպես այս անգամ «Տաշիր պիցցա»-ի սննդի կետերն է ստուգում։
«Իհարկե, իշխանությունների միջամտությունն այս հարցում եղել է։ Ամեն տարի ստուգում են, ինչո՞ւ նոր նկատեցին առաստաղի խնդիրը, ամեն տարի «Տաշիր պիցցա»-ն դիմում է գրում։ Հարց է առաջանում, ինչո՞ւ է ընկերության դիմումի հիման վրա ՍԱՏՄ-ն ստուգում անում։ Եթե ընկերությունը դիմում է գրում, գիտի չէ՞, որ գալու են ստուգելու, պատրաստվում է, և հնարավոր է՝ շատ խնդիրներ չբացահայտվեն։ Եթե ռիսկ են տեսնում, պետք է ասեն, մենք մեր պլանն ունենք, գալու ենք ստուգման, ինչո՞ւ պետք է ձեր դիմումի հիման վրա գանք, հո մենք ձեզ ծառայություն մատուցող չե՞նք։ Եվ ի վերջո, քանի՞ ռեստորան են մտել, լրիվ նույն պատկերն ու առաստաղը տեսել ու նման հայտարարություն չեն տարածել։ Ես կողմ եմ, որ բոլորը հավասար ստուգվեն։ Իսկ այն, որ այս ամենը բառիս բուն իմաստով քաղաքական է, որևէ մեկը չի կասկածում»,-ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։