Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվից» սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելու մասին: Հունիսի 22-ին բելգրադյան ակումբը հայտարարել է խաղացողի հետ երեք տարվա պայմանագիր կնքելու մասին:
«Տպավորությունները շատ դրական են։ Ես եկել եմ մեծ ակումբ, որը մասնակցում է եվրոպական մրցաշարերին։ Գիտակցում եմ ինձ վրա դրված պատասխանատվությունը։ Հուսով եմ, որ կարող եմ օգնել «Ցրվենա Զվեզդային»։ Սա իմ առաջին օրն է, բայց արդեն հանդիպել եմ թիմակիցներիս և մարզչական շտաբի հետ, ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես սպասում էի։ Ես չեմ կարող օբյեկտիվորեն խոսել իմ ֆուտբոլային որակների մասին, դա թողնում եմ մարզչական շտաբին։ «Ցրվենա Զվեզդայի» հետ նպատակը Չեմպիոնների լիգան է», - Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում «Ցրվենա Զվեզդայի» պաշտոնական կայքը։
«Ցրվենա Զվեզդայի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ Տիկնիզյանը թիմում կխաղա 71 համարի ներքո։ Հենց այս համարի ներքո է Նաիրը նախկինում խաղացել Ռուսաստանում՝ «Լոկոմոտիվի» և «ԲԿՄԱ»-ի կազմում։ «Ցրվենա Զվեզդան» Սերբիայի չեմպիոնն է։
Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» խաղում է 2021 թվականից, անցկացրել է 122 խաղ, խփել 16 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը Տիկնիզյանի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։