Միքայել սրբազանը կալանավորվեց երկու ամսով
Իրավունք
08:43 28/06/2025
Հայաստան

Միքայել սրբազանը կալանավորվեց երկու ամսով

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մաիսիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի միջնորդությունը և կալանավորեց  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

«Դատարանը որոշեց Սրբազանին կալանավորել երկու ամիս ժամկետով, սահմանափակել են շփումները՝ բացառությամբ մերձավորների ու պաշտպանների»,- հայտնեց պաշտպան Արա Զոհրաբյանը։ 

Նա նշեց, որ որոշումը կբողոքարեն, այն բացահայտ ապօրինի, անհիմն է։ 

«Դատավարն անկախ չէր, իրեն հայտնված բացարկները հիմնավոր էին, որոնք մերժեց։ Հանցագործություն չկա»,- ասաց Զոհրաբյանը։ 

Պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ վարույթը կավարտվի, նիտսի ձայնագրությունը կհրապարակայնացնեն, իրավական խայտառակությունը, դատավորի մասնագիտական, ոչ անկախ, ոչ պրոֆեսիոնալ վիճակն ակնհայտ կլինի. «Նիստին մասնագիտական խայտառակություն էր տեղի ունենում»։ 

Միքայել սրբազանին նախնական կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ։ 

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder