Դատախազության տրամաբանությամբ՝ 1998-2001թթ. պետական ծառայողն իր աշխատավարձով չէր կարող գոյատևել. Դավիթ Հարությունյան
Իրավունք
17:20 02/07/2025
Հայաստան

Դատախազության տրամաբանությամբ՝ 1998-2001թթ. պետական ծառայողն իր աշխատավարձով չէր կարող գոյատևել. Դավիթ Հարությունյան

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ հուլիսի 1-ին շարունակվեց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը։

Նախորդիվ անդրադարձ էր կատարվել դատախազության հայցադիմումի մեջ Դավիթ Հարությունյանի օրինական եկամուտների հաշվարկին առնչվող աղաղակող բացթողումներին։ Գործի քննության ընթացքից պարզ դարձավ, որ դատախազությունն իր ուրույն գործելաոճով է մոտեցել նաև Դավիթ Հարությունյանի և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի ապրուստի միջին ամսական ծախսերը հաշվարկելիս։

Ծախսերը հաշվարկելիս դատախազությունը կրկին «ապավինել» է Վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալներին, սակայն դրանք ներկայացրել է իրենց նպատակահարմար հաշվարկով։ Այն է, ինչպես հայտարարեց Դավիթ Հարությունյանը, մեկ անձի/ մեկ շնչի ամսական միջին սպառողական զամբյուղը հաշվարկելիս դատախազությունը կիրառել է ուրիշ բանաձև՝ վերցնելով Վիճակագրական կոմիտեի տրամադրած երկու տարբեր սպառողական զամբյուղների միջին թվաբանականը։ Հաշվարկ կատարելիս դիտավորյալ սխալ բանաձևի կիրառումով ոչ միայն խեղաթյուրվել են փաստերը, այլև ստացվել է իրականության հետ կապ չունեցող, աբսուրդային մի պատկեր։

Դավիթ Հարությունյանն արձանագրեց. «Այդ թվերը աբսուրդ են՝ վերցված օդից ու նկարված։ Նվազագույն զամբյուղը հաշվարկվում է 1998 թվականից։ Ըստ իրավասու մարմնի՝ պետական սեկտորում միջին աշխատավարձը 15 հազար դրամ էր, միջին ամսական նվազագույն զամբյուղը՝ 19 հազար դրամ։ 1999թ.՝ պետական սեկտորում միջին աշխատավարձը՝ 17 հազար դրամ, միջին ամսական նվազագույն զամբյուղը՝ 20 հազար դրամ։ 2001թ.՝ պետական սեկտորում միջին աշխատավարձը՝ 19 հազար դրամ, միջին ամսական նվազագույն զամբյուղը՝ 19 հազար դրամ։ Դատախազության ներկայացված տրամաբանությամբ ստացվում է, որ 1998-2001թթ. պետական սեկտորի միջին աշխատավարձն ավելի ցածր է եղել, քան դատախազության կողմից ներկայացված նվազագույն սպառողական զամբյուղը։ «Ի՞նչ է սա նշանակում, որ բոլոր պետական ծառայողները 1998 թվականին կա՛մ պետք է մեռած լինեին, քանի որ իրենց աշխատավարձն իրենց չէր հերիքում, կա՛մ պիտի ունենային կողմնակի եկամուտ, կա՛մ ինչ-որ մեկի հոգածության ներքո գտնվեին։ Էլ չեմ խոսում, որ ընտանիք կարող էին ունենալ, երեխա։ Այդ ամենը դնում ենք մի կողմ։ Ըստ դատախազության` պետական ծառայողն իր միջին աշխատավարձով իրեն չէր կարող պահել»,- հավելեց Հարությունյանը։

Հետաքրքրականն այն է, որ դատախազությունը՝ ի դեմս դատախազ Նելլի Տեր-Թորոսյանի, այս հարցադրմանը որևէ հոդաբաշխ պատասխան չկարողացավ տալ՝ միայն հայտարարեց, որ տնտեսագետը նոր է ընդգրկվել գործում և դեռ ամբողջությամբ չի տիրապետում հաշվարկներին։ Հիշեցնենք, որ դատախազությունը երեք տարի աշխատել է այս հայցի վրա՝ նախքան այն դատարան ներկայացնելը։ Դավիթ Հարությունյանը, հիշեցնելով, որ երբ վկան դատարանում սուտ ցուցմունք է տալիս, ապա դա ենթադրում է համապասխան պատիժ, ապա նույնը պետք է լինի նաև հայցվորի պարագայում, երբ վերջինս դատարանում ակնհայտ աղավաղված փաստեր է ներկայացնում, քանի որ դա անարգանք է դատարանի նկատմամբ։ 

Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ դիմել է Վիճակագրական կոմիտեին, մասնավորապես Վիճակագրական կոմիտեն շուրջ 30 տարի ղեկավարող Ստեփան Մնացականյանին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ թե՛ Ստեփան Մնացականյանը և թե՛ ինքը՝ Դավիթ Հարությունյանը, 1988թ. նույն օրն են նշանակվել նախարարների պաշտոնում, երկուսն էլ այդ ժամանակահատվածում ունեին երկու անչափահաս երեխա, մեկ կին, ստանում էին նույն աշխատավարձը, և, շարժվելով Վիճակագրական կոմիտեի տվյալների տրամաբանությամբ, ստացվում է, որ թե՛ Ստեփան Մնացականյանը, թե՛ ինքը՝ Դավիթ Հարությունյանը, սկզբունքորեն կարող էին նախարարի աշխատավարձով պահել իրենց ու իրենց կնոջ 1/3-ը, իսկ երկու երեխաները և կնոջ 2/3-ը ապօրինի էին։ Այդ հարցի պատասխանը, սակայն, Դավիթ Հարությունյանը Ստեփան Մնացականյանից չի ստացել։

Դավիթ Հարությունյանն արձանագրեց, որ հայցադիմումի մեջ բազմաթիվ են ակներև աբսուրդ հիշեցնող «նկարչության» դեպքերը, որոնց ինքը հատ-առ-հատ անդրադառնալու է, ինչպես նաև ներկայացնելու է իր ծախսած յուրաքանչյուր դրամի հիմնավորումը։ Հարությունյանը նաև հորդորեց դատախազությանը հաջորդիվ դատական նիստերին ներկայանալ պատրաստված՝ պաշտպանելու իրենց իսկ կողմից ներկայացված այդ թվերը, այլ ոչ թե յուրաքանչյուր բարձրաձայնված հարցին սլաքներն ուղղել Վիճակագրական կոմիտեի ուղղությամբ։

Քանի որ, աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված, նիստը հետաձգվեց, Դավիթ Հարությունյանը դատախազությանն ուղղված իր հարցերը կշարունակի ներկայացնել հաջորդ դատական նիստին՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատախազության տրամաբանությամբ՝ 1998-2001թթ. պետական ծառայողն իր աշխատավարձով չէր կարող գոյատևել. Դավիթ Հարությունյան