Դավիթ Հարությունյան. Դատախազությունը դիտավորյալ չի հաշվարկել իմ օրինական եկամուտները
Իրավունք
17:02 02/07/2025
Հայաստան

Դավիթ Հարությունյան. Դատախազությունը դիտավորյալ չի հաշվարկել իմ օրինական եկամուտները

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը վստահ է՝ իր դեմ ներկայացված հայցադիմումի միակ նպատակը իրեն վնաս պատճառելն է։ Այս մասին նա հայտարարեց Հակակոռուպցիոն դատարանում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի հուլիսի 1-ին կայացած նիստի ընթացքում, որին ներկա է եղել Panorama.am-ը։ 

Բանն այն է, որ, ըստ Դ. Հարությունյանի, հայցադիմումը հիմնված է ոչ թե իրական եկամուտների, այլ՝ կանխակալ հաշվարկների վրա։ Նրա խոսքով,  դատախազությունը դիտավորյալ անտեսել է իր երկարամյա աշխատանքային գործունեության փաստը՝ այդ կերպ նվազեցնելով իր օրինական եկամուտների չափը։ Դատախազությունը հայցադիմումը կազմելիս նպատակահարմար է գտել հիմք ընդունել Վիճակագրական կոմիտեի միջին աշխատավարձային տվյալները, բայց որևէ ջանք չի գործադրել իրական գործատուներից ճշգրիտ տվյալներ ստանալու ուղղությամբ։

Մասնավորապես, դատախազությունը չի կատարել որևէ հարցում, հետևաբար նաև չի ստացել որևէ տեղեկանք կամ պաշտոնական փաստաթուղթ Երևանի թիվ 198 դպրոցից, որտեղ Դավիթ Հարությունյանն աշխատել է 1989-1995 թվականներին, ինչը և դատական լսումների ընթացքում ի վերջո հաստատեց նաև դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը՝ ասելով. «Հարցում չենք կատարել»։

Ընդ որում, հիմք ընդունելով այդ ժամանակաշրջանում գործող Քաղաքացիական օրենսգիրքը, դպրոցը համարվում էր պետական հիմնարկ, ինչը ենթադրում է, որ այն գործում է Հայաստանի Հանրապետության անունից և գործատուն ևս Հայաստանի Հանրապետությունն է՝ ասել է թե այս պարագայում հայցվորը։ Սակայն չգիտես թե ինչու, հայցվորը նպատակահարմար չի գտել հաշվարկել այն եկամուտը, որը ստացվել է հենց իրենից։

Պաշտոնական որևէ հարցում չկատարելու հետևանքով դատախազությունը հայցը կազմելիս նաև տեղյակ չի եղել, որ Դավիթ Հարությունյանը 1995թ.-ից հետո էլ՝ մինչև 1998թ. շարունակել է զբաղվել մանկավարժական գործունեությամբ, որի դիմաց ստացված եկամուտները, բնականաբար, ևս չեն հաշվարկվել։

Դ.Հարությունյանի խոսքով, իրավական աբսուրդը կայանում է նրանում, որ, ըստ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 7-րդ հոդվածի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի ներկայացման համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը պարզելու նպատակով իրավասու մարմինը հավաքում է նյութեր՝ գույքը ձեռքբերողի հայտնի եկամուտների առնչությամբ։ Այսինքն՝ հայտնի եկամուտները հավաքագրելը դատախազության՝ օրենքով նախատեսված պարտավությունն է, ասել է թե՝ օրենքը չի սահմանում հայեցողություն՝ հավաքել կամ չհավաքել, ցանկանում է հավաքել, թե՝ չի ցանկանում։ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ տվյալ պարտավորությունն ակնհայտորեն չի կատարվել, որի համատեքստում հարց է առաջանում՝ դա դատախազության կողմից արված դիտավորությո՞ւն էր, թե՞ անփութության արդյունք։

Սակայն սա, ըստ արդարադատության նախկին նախարարի, տվյալ հայցով միակ «բացթողումը» չէ, որը թույլ է տվել դատախազությունը։ Քաջատեղյակ լինելով այն մասին, որ 1995-1998թթ. աշխատել է նաև ՀՀ Ազգային ժողովում, և այս մասին նաև նշված է հայցադիմումի մեջ՝ դատախազությունն իր հայեցողությամբ հիմք է ընդունել ոչ թե ԱԺ պատգամավորի փաստացի աշխատավարձը, այլ՝ կրկին Վիճակագրական կոմիտեից վերցված տվյալները։ Ավելորդ է նշել, որ ԱԺ պատգամավորի աշխատավարձն ավելի բարձր է, քան Վիճակագրական կոմիտեի կողմի տրամադրված միջին աշխատավարձը։ Դատախազությունը փաստացի նպատակահարմար է գտել այս դրվագով անտեսել Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը, որն ամրագրվել է օրենքով: Դատախազությունը անտեսել է նաև օրենքի մեկ այլ դրույթ, որը սահմանել է, թե ի լրումն աշխատավարձի, ինչքան գումար է վճարվում պատգամավորական գործունեության համար: Դավիթ Հարությունյանը պնդեց, որ դատախազությունը դիտավորյալ չի ղեկավարվել տվյալ օրենքով, փոխարենը՝ ղեկավարվում է աբսուրդի հասնող դատախազական պրակտիկայով։

Դատախազությունը Դավիթ Հարությունյանի եկամուտների հաշվարկային այդ նույն մեթոդոլոգիան կիրառել է նաև Երևանի քաղաքապետարանում աշխատալու տարիների դեպքում։ Այս դրվագով ևս դատախազությունը մինչև հայցադիմում ներկայացնելը որևէ պաշտոնական հարցում չի ուղարկել Երևանի քաղաքապետարան, և իր հայեցողությամբ հիմնվել է Վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների վրա։

Հայցադիմումն ընդգրկող ամբողջ ժամանակահատվածում Դավիթ Հարությունյանի գործատուն եղել է Հայաստանի Հաանրապետությունը՝ դպրոց, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ Արդարադատության նախարարություն։ Հայցը ներկայացնելուց առաջ դատախազությունն ունեցել է 3 տարի ժամանակ՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալու և իրական եկամուտները ճշգրտելու համար, ինչը, սակայն, չի արել։

«Սա եղել է դիտավորյալ անգործություն։ Չեն ուզեցել պարզել ճշմարտությունը։ Չեն արել, որովհետև չէին ուզում։ Սա օրենքով նախատեսված գործողություն է, որ չի իրականացվել»,– հայտարարեց Դավիթ Հարությունյանը։

Նրա համոզմամբ՝ դատախազությունը հենվել է ոչ թե օրենսդրության, այլ իր նախընտրած պրակտիկայի վրա՝ ընտրովի տվյալներ վերցնելով տարբեր աղբյուրներից և անտեսելով այն փաստերը, որոնք կբացահայտեին իր իրական եկամուտները։

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ նիստը հետաձգվեց։ Դատական այս հայցի առարկայի հիմքերի քննությունը շարունակվելու է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է ս.թ. սեպտեմբերի 3-ին։  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Հարությունյան. Դատախազությունը դիտավորյալ չի հաշվարկել իմ օրինական եկամուտները