Բացարձակ անգրագիտություն է, հետևանքը՝ ողբերգություն. Բնապահպան
Հասարակություն
17:40 21/07/2025
Հայաստան

Բացարձակ անգրագիտություն է, հետևանքը՝ ողբերգություն. Բնապահպան

Օրեր առաջ բնապահպան Սիլվա Ադամյանն ահազանգել էր՝ «Երևան քաղաքը բախվում է մի շարք էկոլոգիական լուրջ խնդիրների, որոնք ունեն խորքային պատճառներ և բացասական հետևանքներ բնակչության առողջության, քաղաքային կենսոլորտի և կլիմայական կայունության վրա»։ Նա մանրամասեն ներկայացրել էր Երևանի հիմնական էկոլոգիական խնդիրները՝ գիտականորեն հիմնավորված բացատրություններով։

Panorama.am-ը հետաքրքրվեց Սիլվա Ադամյանից ՝ արդյո՞ք իր մտահոգությունները, վեր հանած խնդիրները ներկայացրել է որևէ պետական պատկան մարմնի։

«Մի քանի շաբաթ առաջ հանդիպում է եղել շրջակա միջավայրի նախարարությունում, ներկա էին հասարկական  կազմակերպություններ։ Հիմնականում  քննարկվել են COP17-ի անցկացման հետ կապված հարցեր, կարծիքներ են հնչեցրել բնապահպանները։ Բայց այս հանդիպումը, ակտիվությունն առավել կապված է COP17-ի հետ, մինչ այդ կոնկրետ ես առանձնապես հանդիպումներ չեմ ունեցել։

Հանդիպում է  եղել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տնօրենի հետ։ Կրկին բարձրաձայնվել են խնդիրներ։ Որոշ խնդիրների մասով ասում էին՝ այդքան էլ դա այդպես չէ։ Օրինակ, Երևանի ծառահատման հետ կապված շատ փափուկ հասկացրեցին՝ ինչ որ արվում է, տեղին է արվում։ Բայց իրականությունն այլ է»,- ասաց Ս.Ադամյանը՝ ընդգծելով, որ այդ հանդիպումներից շատ բան չի ակնկալում, նախկինում էլ լսել են իրենց, բայց շարունակել են անել այն, ինչ նախաձեռնել են։

Ս.Ադամյանը խոսքով, Երևանում շատ խնդիրների պատճառը  սխալ ծառահատումներն են. «Թեև ցույց են տալիս, իբր սանիտարական հատումներ են, ծառերը վնասված են, իրենց կյանքն ապրել են, բայց դա իրականում այդպես չէ։ Կանաչապատման մասնագետներն ուսումնասիրել են,  բարձրաձայնել, որ այդ ծառերը պետք է մնային Երևանում, քանի որ կլիմայի փոփոխության հետ լուրջ խնդիրներ ունենք։ Այս ամենի հետևանքներն անուղղելի են լինելու։

Ծառերը, որոնք տնկում են,  չեն կարող պաշտպանել քաղաքն այն կլիմայական պայմաններից, որոնք ունենք՝ բարձր ջերմաստիճան, տապ։ Այդ նոր ծառերն, իհարկե, կադապտացվեն, բայց չեն ունենա այն նշանակությունը, ինչ հացենին, կաղնին, որոնք մեջ քանակությամբ հատվեցին, բնապահպաններին հորդորներին ոչ մի ուշադրություն չդարձրեցին։

Անում են այն, ինչ ուզում են ու շարունակելու են անել։ Այդ մասին իրենք բացեիբաց ասում են՝ էլի եք կտրելու, էլի ենք փոխելու։ Մեր գործընկերները դրսից փորձագետների նամակներ բերեցին, կարծիքներ ներկայացրեցին՝ ոչ մի ռեակցիա»։

Այս ամենը, ըստ նրա, այսօրվա իշխանության ընտրած ճանապարհի արդյունք է՝ գլոբալ փոփոխություններ բոլոր ոլորտներում։

«Իհարկե, մեզ պետք են փոփոխություններ, բայց ոչ այս կարգի։ Դրանք պետք է արվեն խելացի, աստիճանաբար, պրոֆեսիոնալների մասնակցությամբ։ Այսօր քաղաքի կանաչ տարածքներին մոտենում են ամբողջական որպես դիզայնի, դա է խնդիր։ Ասում են՝ քաղաքի դիզայնը փոխում ենք։ Սա բացարձակ անգրագիտություն է։ Մարդիկ տասնյակ տարիներ ակադեմիական ինստիտուտներում աշխատել են՝ հասկանալու, թե Երևանում ինչ բույսերի, ծառերի տեսակներ են անհրաժեշտ, որպեսզի քաղաքն ապրի, շնչի։ Ուզում են ծաղիկ, թփեր, նոր տեսակներ, դա պետք է կողքից լինի, բայց արմատական ուսումնասիրության արդյունքում ստեղծվածի վրա խաչ քաշել, ասել՝ եկել ենք փոխենք, դիզայնն էլ հետը, ողբերգություն է»,- ասաց Սիլվա Ադամյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder