ԵԱՀԿ երկրները պետք է սեպտեմբերի 1-ին որոշում կայացնեն Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ. Բայրամով
Քաղաքական
15:56 26/08/2025
Աշխարհ

ԵԱՀԿ երկրները պետք է սեպտեմբերի 1-ին որոշում կայացնեն Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ. Բայրամով

Սպասվում է, որ ԵԱՀԿ անդամ պետությունները սեպտեմբերի 1-ին պետք է որոշում կայացնեն Մինսկի խմբի պաշտոնական լուծարման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ երկրի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում։

Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմում են ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին՝ Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ։

«Դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների միջև, որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին», - ասել է Բայրամովը։

Օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ  Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի կետերից մեկով նշվում է. «Մենք ականատես եղանք նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder