ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է կայացրել՝ փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները
Քաղաքական
15:02 01/09/2025
Աշխարհ

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է կայացրել՝ փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը այսօր որոշում է կայացրել սեպտեմբերի 1-ից փակել ղարաբաղյան կարգավորման հետ կապված Մինսկի գործընթացին առնչվող բոլոր հաստատությունները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, այս որոշումը կայացվել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումի հիման վրա։

ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է լուծել այդ կառույցների լուծարման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։

Որոշման մեջ նաև նշվում է, որ ԵԱՀԿ շրջանակներում նախկինում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ընդունված բոլոր որոշումները այլևս ուժի մեջ չեն և ենթակա չեն կիրառման։

Օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ  Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի կետերից մեկով նշվում է. «Մենք ականատես եղանք նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»։ 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գլխավորում էր Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը։

Խմբի ձևավորման մասին որոշումը ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Անվանումը պայմանավորված է ենթադրյալ խաղաղ կոնֆերանսի անցկացման վայրով։ Սկզբնապես խումբը բաղկացած էր 9 երկրներից, ինչպես նաև  Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder