«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանը տան վարձավճարի փոխհատուցում է ստանում պետությունից
Օրվա մամուլ
08:33 09/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանը տան վարձավճարի փոխհատուցում է ստանում պետությունից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռևս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում, սա այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել և ապրել է Երևանում:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2023 թվականին էր գրել, որ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը և ստացել փոխհատուցում: Նա դիմումի մեջ նշել է, որ բնակվում է Նար-Դոսի փողոցում և վարձակալել է այդ բնակարանը 110 հազար դրամով:

Իհարկե, համաձայն ՀՀ օրենսդրության, եթե պատգամավորը մարզաբնակ է, գալիս է մայրաքաղաք՝ աշխատանքի, Երևանում ապրելու համար կարող է դիմել խորհրդարանի ղեկավարությանը և ստանալ վարձավճարի փոխհատուցում: Սակայն ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ամսական 110 հազար դրամ է ստացել որպես վարձավճարի փոխհատուցում՝ ինչպես նշեցինք՝ լինելով երևանաբնակ: Այսինքն՝ խախտվել է կարգը, և ՔՊ խմբակցության քարտուղարին պետբյուջեից չնախատեսված արտոնություն է տրվել: Սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա, երբ ՔՊ խմբակցության քարտուղարը իշխանական դիրքը օգտագործել է, որպեսզի անձնական եկամուտներ ստանա:

Այժմ, համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի, 2023 թվականին պատգամավորը 30 մլն արժողությամբ անհատական բնակելի տուն է գնել Արարատի Մասիս համայնքում և ազատ ժամանակ «կարճ ռիլերի» համար հող է մշակում:

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկության, 2017-ին անցել է թմրանյութի գործով. նրա ավտոմեքենայից հայտնաբերվել է թմրանյութ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder