Միքայել Սրբազանը քաղաքական հետապնդման զnh է. Պաշտպան
Իրավունք
16:02 23/09/2025
Հայաստան

Միքայել Սրբազանը քաղաքական հետապնդման զnh է. Պաշտպան

«Իմ գործընկերը թեև հույս է հայտնել, որ դատարանն արդար վերդիկտ կկայացնի, բայց ես չեմ կիսում այդ լավատեսությունը»,-Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստում ասաց Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ Սրբազանը մեղադրվում է  խոսքով  կատարված արարքի համար։

«Ակնհայտ է, որ խոսքը հնարավոր չէ սահմանափակել»,-ընդգծեց փաստաբանը։

Նա նշեց, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը հաշվի չի առել ոչ Սրբազանի տարիքը, ոչ Սրբազանի՝ բարձրաստիճան հոգևոր կարգավիճակը, ոչ այն հանգամանքը, որ ողջ Շիրակի մարզին զրկել է թեմակալ առաջնորդից։

«Եթե արդար վերդիկտ պետք է կայացներ,  ապա ինչո՞ւ սեպտեմբերի 2-ին իր նախաձեռնությամբ քննության առավ Միքայել Սրբազանի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը, երբ մեղադրողն այդպիսի միջնորդությամբ հանդես չէր եկել։ Ավելին՝ եթե  արդար վերդիկտ պետք է կայացներ, ապա ինչո՞ւ սահմանափակեց Միքայել Սրբազանի՝ ԶԼՄ-ների հետ շփվելու իրավունքը, այն դեպքում, երբ նման հարց չէր քննարկվել, որոշում չէր կայացվել։

Ինչպես ասացի, չունեմ այդ լավատեսությունը, կանխատեսում եմ, որ դատավորը մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին, և ազատության զրկման հետ կապված այնպիսի պատիժ է սահմանելու, որպեսզի  Սրբազանին մինչև  ընտրություն պահեն փակի տակ։ Մենք դա ենք կանխատեսում՝ ելնելով վերջին իրադարձություններից ու դատարանի գործողություններից։

Սա ի վերջո  կդառնա այն ապացույցը, որը խոսում է  վարչապետ-դատարան-դատավոր փոխհամագործակցության մասին»,-ասաց Զոհրաբյանը։ 

Ըստ նրա, Միքայել Սրբազանին առաջադրված մեղադրանքը նույնիսկ աչքաչափով մեղադրանք չի կարելի համարվել։

«Մեղադրանքը մեզ համար պարզ չէ, մեղադրողները դատարանում այդպես էլ ոչ միայն չեն հիմնավորել, նույնիսկ չեն ներկայացել թե ի վերջո Սրբազանի կոչերն ինչին են ուղղված եղել՝ իշխանությունը զավթելո՞ւն, թե՞ սահմանադրական կարգը տապալելուն, թե՞ երկուսն էլ»,- ասաց Արա Զոհրաբյանը։ 

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին հայտարարել է Հայաստանում չորրորդ հանարապետության ստեղծման մասին. «Այս կոչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բացեիբաց հայտարարում են Հայաստանի երրորդ Հանրապետության քանդման մասին։ Հենց սա է սահմանադրական կարգը տապալելու կոչ»։ 

Նա ընդգծեց, որ Միքայել Սրբազանը քաղաքական հետապնդման զոհ է, խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը, ազատ արտահայտվելու իրավունքը, ազատության իրավունքը. «Վերագրյալից ելնելով՝ պահանջում եմ ճանաչել Միքայել Սրբազանի անմեղությունը՝ կայացնելով արդարացման վերդիկտ»։ 

Նշենք, որ այսօր դատարանը լսելու է նաև Միքայել Սրբազանի խոսքը  և հեռանալու է վերդիկտ կայացնելու:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին  կալանավորվել է երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Արա Զոհրաբյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել Սրբազանը քաղաքական հետապնդման զnh է. Պաշտպան