Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռեգիոնում կոմունիկացիաներն ապաշրջափակելու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում մեր ամերիկացի գործընկերների հետ. Վահան Կոստանյան
«Վերահաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել և հետագայում նաև ռատիֆիկացնել փաստաթուղթը»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով խաղաղության պայմանագիրը ստորագրվելու ժամկետների մասին հարցին:
Նա հայտարարեց, թե Հայաստանը խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու հնարավորություն է ստացել և այդ գործընթացը սկսվել է:
«Մենք նաև ստացել ենք հնարավորություն՝ ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր ռեգիոնում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում մեր ամերիկացի գործընկերների հետ: Քննարկումներ են ընթանում: Երբ կլինեն հստակ հանգրվաններ՝ հանրությունը դրա մասին պատշաճ կարգով կտեղեկանա»,-ասաց փոխնախարարը, և հավելեց, որ դրական են գնահատում դինամիկան, որը տեսնում են վաշինգտոնյան հանդիպումից հետո։
Պատասխանելով պայմանավորվածությունը պահպանելու մասին երաշխիքների մասին հարցին, Կոստանյանն ասաց. «Չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ, բայց այն հայտարարությունները, որոնք հնչել էին նաև Սպիտակ տանը, խոսում են այն մասին, որ մտնում ենք կայուն և խաղաղ ժամանակաշրջան»:
Փոխնախարարը նաև հայտարարեց, թե Հայաստանի սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ, այդ թվում՝ կոմունիկացիոն, չկա և չի կարող լինել:
«Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,-ասաց նախարարի տեղակալը: