Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը. Էլինա Վալտոնեն
«Մենք պարբերաբար նկատել ենք Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին, անկախ բոլոր մարտահրավերներից և խոչընդոտներից»,- Երևանում ընթացող ասուլիսում ասաց Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը։
Նա նաև նշեց, որ իրենք ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը. «Հուսանք, բոլոր գործընթացները կփակվեն դեկտեմբերից ոչ ավելի ուշ»։
Նա կրկնեց, որ Մինսկի կառույցները կփակվեն ոչ ավելի ուշ, քան դեկտեմբերի 1-ը։ Էլինա Վալտոնենը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցելու, սատարելու խաղաղությանը տարածաշրջանում։
Հարցին՝ Մինսկի խմբի լուծարումից հետ ԵԱՀԿ-ի հետագա գործունեությունը տարածաշրջանում ո՞րն է լինելու, ԵԱՀԿ գործող նախագահն ասաց. «Հատուկ շեշտադրումը կլինի այնտեղ, որտեղ նաև Հայաստանը կարող է ավելացված արժեքով հանդես գալ։ Դա կլինի տնտեսական բաղադրիչում, նաև շրջակա միջավայրի և կլիմայի ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի կետերից մեկով նշվում է. «Մենք ականատես եղանք նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»։