Երևանի բուսաբանական այգում կան չորացած ծառեր, որոնք ենթակա են հատման․ այգու համակարգող
Հասարակություն
15:10 18/10/2025
Հայաստան

Երևանի բուսաբանական այգում կան չորացած ծառեր, որոնք ենթակա են հատման․ այգու համակարգող

Այս տարի Երևանի բուսաբանական այգին  նշում է 90 ամյակը։ Այն ստեղծվել է 1935-ին՝ որպես գիտական ու կրթական կենտրոն, որտեղ պետք է պահպանվեր և ուսումնասիրվեր մեր տարածաշրջանի հարուստ բուսաշխարհը։ Սակայն 90-ականների էներգետիկ ճգնաժամից էապես տուժեց նաև Երևանի բուսաբանական այգու հարուստ բնաշխարհը։ Չնայած դժվար տարիներին անցայում են, սակայն ցայսօր այգին  փորձում է դիմակայել խնդիրներին։

Բուսաբանական այգին շուրջ 80 հեկտար տարածք ունի, որից միայն 35 հա-ն է գիտական կոլեկցիոն տարածք։ Ինչպես Panorama.am-ին հայտնեց Երևանի բուսաբանական այգիների համակարգող Արթուր Պետրոսյանը մնացած տարածքը սեռևս յուրացման խնդիր ունի։

«Այժմ 35 հա կառավարության ծրագրով վերակառուցվում է որպես «Կյանքի պուրակ»։ Մոտավորապես  30-40 հեկտար տարածքներ էլ  վերակառուցման, թարմացման կարիք են զգում»,- ասաց նա։

Բուսաբանական այգու հաջորդ խնդիրը կապված է մարդկային ռեսուրսների հետ։

«Այգեգործ բանվորների աշխատանքների հետ կապված խնդիրներ են լինում, որովհետև  քիչ են։ Սեզոնի ընթացքում բավականին դժվարանում ենք, որ կարողանանք ամբողջ տարածքը սպասարկել։Դա հիմնական խնդիրներից մեկն է մեզ մոտ։ Ընդհանուր առմամբ փորձում ենք ինչ-որ  միջոցներով, նաև այգու  սեփական հասույթների միջոցներով ուշադրություն դարձնենք և հնարավորինս բարեկարգ վիճակում պահենք այգին։ Հիմնական խնդիրը դա է՝ մարդկային ուժի պակաս ունենք»

Պետրոսյանը վստահեցրեց, որ այգու տարածքները չեն կրճատվել, որքան եղել է, նույնքան էլ մնում է։Ինչ վերաբերում է ոռոգման խնդիրներին, ապա այգու դեռևս 20 տոկոս տարածում  է առկա  ոռոգման համակարգ։ Մնացած հատվածներում՝ դեռևս բացակայում է։

««Կյանքի պուրակ»-ի հետ կապված այդ տարածքներում  նոր ոռոգման համակարգ է  պատրաստվում ։ Պուրակի ավարտական աշխատանքներին զուգահեռ կգործարկվի նաև  ոռոգման համակարգը։ Որոշակի խնդիրներ կան այս  ընթացքում շինարարական աշխատանքների հետ կապված՝ որոշ մասեր անջատվել են իրենց ոռոգման համակարգերից, դրա մասին ահազանգել ենք, տեղեկացրել ենք, խոստացել են՝ հարցերը կլուծվեն»։

Նա հույս հայտնեց, որ պուրակի կառուցման աշխատանքները կհասցնեն ավարտել սահմանված ժամկետներում՝ 2026թ․-ի ավարտը։

Այգին դեռևս ամբողջությամբ ցանկապատված չէ՝ «Կյանքի պուրակ»-ի հատվածը դեռևս բաց է։ Պետրոսյանը հույս հայտնեց, որ  այդ հատվածքները նույնպես կցանկապատվեն։

Ինչ վերաբերում է այգու չորացած ծառերին, որոնք տեսանելի  էին նաև Աճառյան փողոցի հատվածից, Պետրոսյանն ասաց․

«Բուսաբանական այգի է՝ բնություն է, բնական է, որ լինում են  նաև չորացած ծառեր։ Այո, կան չորացած ծառեր ։ Սահմանված կարգով մշակել ենք դրանց հատման կարգերն ամբողջությամբ։ Այն ծառերը, որոնք ենթակա  են հեռացման, հաշվեգնահատվում և հեռացվում են։ Դրանց  փոխարինում ենք նոր  ծառատեսակներով։ Դա բնական գործընթաց է»,- ասաց Երևանի բուսաբանական այգիների համակարգողը։

   

Աղբյուրը`Panorama.am
Placeholder