Իրեղեն ապացույցների վրա բացակայում են Նարեկ Օհանյանի ԴՆԹ հատկանիշները․ Փաստաբան
Իրավունք
18:22 21/10/2025
Հայաստան

Իրեղեն ապացույցների վրա բացակայում են Նարեկ Օհանյանի ԴՆԹ հատկանիշները․ Փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որ ստանձնել է Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը, արձագանքելով Մերձավանի գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությանը, գրում է․

«Հարգելի լրագրողներ, մի հարցրեք, թե ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել Մերձավանի գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ իրեղեն ապացույցների վրա բացակայում են Նարեկ Օհանյանի ԴՆԹ հատկանիշները:

Ցավոք չեմ կարող, քանի որ վարույթն իրականացնող մարմինը հարկ չի համարել իրազեկել պաշտպանական կողմին ստացված եզրակացության մասին:

Գործով ներգրավված պաշտպան հանդիսանալով, միայն մամուլից եմ տեղեկացել որ ստացվել է Նարեկ Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը»:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին։

Հիշեցնենք, որ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը սպանվեց սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։  

 Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով  երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը,  նրանք երկուսն էլ կալանքի տակ են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder