Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա Հայաստանի ներքին գործն է. Մարիա Զախարովան՝ Վարդան Ղուկասյանի կալանավորման մասին
«Մոսկվան ուշադիր հետևում է Գյումրում տիրող իրավիճակին»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը։
«Մենք ուշադիր հետևում ենք Գյումրիում տիրող իրավիճակին։ Այն հանրապետության երկրորդ խոշորագույն քաղաքն է, որտեղ տեղակայված են 102-րդ ռուսական ռազմաբազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի մասնաճյուղը։ Քաղաքային իշխանությունները ակտիվորեն զարգացնում են կապերը մեր երկրի տարբեր շրջանների հետ։ Մենք ունենք հարուստ ընդհանուր պատմություն, այդ թվում հայտնի «Պատվո բլուր» ռազմական հուշարձանը, որը նվիրված է ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուս սպաներին», - ասել է Զախարովան։
«Մենք, իհարկե, կարևորում ենք ռուս-հայկական հարաբերությունները և միշտ պաշտպանում ենք բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս մեր եղբայրական ժողովուրդների միջև ավանդաբար սերտ կապերի օգտին: Ինչ վերաբերում է քաղաքապետի կալանքի գնահատականին, ապա դա, իհարկե, Հայաստանի ներքին գործն է:
Միևնույն ժամանակ մենք նշում ենք, որ նախկինում քրեական գործեր են հարուցվել Վանաձորի, Բերդի, Գորիսի և այլ համայնքների ղեկավարների դեմ, և որոշները կալանավորվել էին։ Մենք հույս ունենք, որ նման դատավարությունները չեն հանգեցնի դատական համակարգի և ժողովրդի միջև անջրպետի և դրա նկատմամբ վստահության անկման», - հայտարարել է Զախարովան:
Նրա խոսքով, այս ամենը հատկապես արդիական է այս օրերին, քանի որ Հայաստանը մտնում է նոր ընտրական ցիկլ. հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսին։