Մեզ հալածում են, խոշտանգում են. Արսեն Ղուկասյանի մայր
Քաղաքական
16:27 31/10/2025
Հայաստան

Մեզ հալածում են, խոշտանգում են. Արսեն Ղուկասյանի մայր

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի  հորեղբայր Արսեն Ղուկասյանը, որը կալանավորված է, մի շարք առողջական խնդիրներ ունի։ Չնայած դրան դատավորը կալանավորեց նրան։ Նշենք, որ պատերազմում զոհվել է նաև Ղուկասյանի եղբայրը՝ Արման Ղուկասյանը։

Այսօր նրա գործով դատական նիստ է հրավիրված։ Ղուկասյանի որդին հույս ունի, որ կփոխեն հոր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։

Ի աջակցություն Ղուկասյանի դատարան է եկել նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։  Նրա գնահատմամբ, պատերազմին հաջորդած 5 տարիների ընթացքում իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել անհետ կորածներին հայտնաբերելու համար, բնականաբար հարազատները պետք է արտահայտեն իրենց դժգոհությունը։

«Իշխանությունը հիմա նոր մարտավարութուն է  որդեգրել։ Առանց այդ էլ մեծ կորուստ, խնդիրներ ունեցող հարազատներին փորձում են լռեցնել։ Նման պայմաններում մարդկանց հուզական վիճակն ու պահանջներն առվելի են ընդգծում։ Արսեն Ղուկասյանն այն ծնողներից է, որն ամենատարբեր միջոցներով օգտագործել է հնարավոր հարթակները՝ բարձրաձայնելու խնդիրը։ Իշխանությունը որոշել է խնդիրը «լուծել»՝ մեկուսացման միջոցով»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։

Դատարանի դիմաց են պատերազմում անհետ կորածների ծնողներ, հարազատներ, այստեղ է նաև Ղուկասյանի տարեց մայրը։

«Ինչքան կարելի է մարդկանց քաշքշել, սուտ տեղը դատական նիստեր բացել։ Բոլորը գիտեն, որ Ղուկասյան Արսենն անմեղ է։ Չորս պատի մեջ դարձել է, չգիտեմ...Ասում են, խոնարհվում ենք ծնողների առաջ, նման խոնարհում ես կուզեմ իրենց, թող կորցնեն, իրենց առաջ խոնարհվեն։ Ես անեծք չեմ տալիս։ Հալածում են մեզ, խոշտանգում են,  նորմալ քուն չեմ ունեցել, ջղաձգվում եմ։ Իմ միակ հույսն ու ապավենը մնացել է կիսաառողջության տեր տղեն, ես էլ ոչ մեկ չունեմ։ Առանց ամուսին մեծացրել եմ տղաներիս, հիմա որբ են մնացել թոռներս, զոհված տղայիս երեխաները, ես չգիտեմ, որ մեկի դարդը... Ասում են, որ ընկածին քացով տալիս են, հիմա մեզ այդպես քացով տալիս են։ Կորցրել է իր համար թանկը, հայր չունի, քույր չունի, մարդը պահանջում է, որ մեր երեխաներից մի լուր տան, հանցա՞նք է գործել։ Փայտ բռնելը հանցա՞նք է։ Իր ոտքը վիրահատված է։ Ձեռնափայտը հանել է մեքենայից, տեսե՞լ են, խփե՞լ է ինչ-որ մեկին։ Չթողեցին մոտենայի, տեսնեի իրեն, շտապ օգնություն էր եկել, նրան բուժօգնություն չէին ցուցաբերել։ Տարել են բերդ, ամենախիստ տեղն է, ըտենց վտանգավոր հանցագործ է հա՞ իմ տղեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ղուկասյանի մայրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder