Հովհաննավանքում ստեղծված խնդիրը պետք է լուծվի իրավական ճանապարհով, մյուս ճանապարհներն անընդունելի են, կարող են բախումների տանել. Տեր Եսայի
Հասարակություն
15:46 31/10/2025
Հայաստան

Հովհաննավանքում ստեղծված խնդիրը պետք է լուծվի իրավական ճանապարհով, մյուս ճանապարհներն անընդունելի են, կարող են բախումների տանել. Տեր Եսայի

«Հովհաննավանքը սեփականության  իրավունքով պատկանում է  Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին։ Հստակ է, որ Հովհաննավանքում այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը, լիարժեքորեն խախտված է հավատացյալների հոգևոր խնամքն իրականացնելու ողջ գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նա ընդգծեց, որ այս երևույթը մտահոգիչ է բոլորի համար։

Տեր Եսային հիշեցրեց, որ Մայր Աթոռի անունից փաստաբանները դիմել են ոստիկանություն՝ Հովհաննավանք ապօրինի ներուժումը կանխելու համար. «Մարդիկ ապօրինի ներխուժել են, ապօրինի գործունեություն են իրականացնում։ Պարզ, առողջ տրամաբանության շրջանակում է, որ այդ ամենը ժամ առաջ պետք է դադարեցվի։

Ինչ վերաբերում է իրավապահներին, այո, մենք ունենք մտահոգություն, որ իրավապահ համակարգն այս ամենի մեջ, մեղմ ասած, հապաղում է, անգործության է մատնված։  Այլ դեպքերում, որտեղ նման անօրինական գործողություն է լինում, իրավապահ  համակարգն ողջ ներուժով այնտեղ է լինում, օրենքի սահմաններում գործողություններ իրականացնում։ Այս դեպքում հապաղումն անհասկանալի է»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ շարունակելու են աղոթքները Հովհաննավանքում, անկախ նրանից, որ Մայր Աթոռը համարում է պղծություն, այնուհետև նաև Մայր Աթոռում, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր համարում են, որ մի օր կարող են դրանք տեղափոխվել Մայր Աթոռ, Տեր Եսային ասաց. «Այդ  սպառնալիքները վարչապետի, իշխանության ներկայացուցիչների կողմից  նոր չեն, այսօր չեն, ասել են, որ գալու են, զավթեն Մայր Աթոռը կամ նման այլ հայտարարություններ։ Բնականաբար, այս ամենը դուրս են և ժողովորդավարության սահմաններից, և օրինականությանից, որևէ առողջ բանականությունից»։

Նա ընդգծեց, որ Հովհաննավանքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի իրավական, օրինականության ճանպարհով՝ հույս հայտնելով, որ իրավապահները կկատարեն իրենց գործը։

«Մյուս ճանապարհները, որոնք հարցի լուծանն են ուղղված, օրինակ, խմբով գնալ, դուրս վռնդել այնտեղից, մեզ համար անընդունելի են, կարող են տանել բախումների»,- ասաց Տեր Եսային։  

Անդրադառնալով կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի տարբեր հայտարարություններին, նա ասաց. «Այդ անձը կեղծիքը կեղծիքի հետևից տարածում է՝ ամեն օր մի նոր կեղծիք, նախորդ օրվա ասածը հերքում է, վերաձևակերպում է և այլն։ Ցավոք սրտի, այս երևույթին, այս սուտի ու կեղծիքի տարածմանը մենք ականատես ենք ամեն օր։

Ինչ վերաբերում է մկրտության կամ պսակադրության վկայականներին, ինքը իրավունք չունի և չի կարող որևէ վկայական տալ, և ինքը շատ լավ դա հասկանում է։ Սկզբում փորձեց մարդկանց խաբել, թե կտանք, հետո հասկացավ, որ այդ կեղծիքը երկար կյանք չունի, որովհետև ինքը որևէ կնիք չունի, որևէ իրավասություն չունի և որևէ կերպ չի կարող մարդկանց օրինական վկայական տալ։ Կարող է թղթի վրա ինչ-որ բան գրի, բայց դա որևէ օրենքի ուժ չունի և որևէ տեղ չի կարող ճանաչվել։

Եվ մյուս կարևոր հանգամանքը, եթե մարդը պսակադրվում է կամ մկրտվում է կարգալույծ հոգևորականի ձեռամբ, այդ մկրտությունը մկրտություն չի և այդ պսակը պսակ չի։ Այսինքն, եթե այդ անձը հետո ուզենա գնալ որևէ այլ եկեղեցի պսակադրվելու, իրեն պետք է նորից մկրտենք։ Այսինքն դա նորից չի, որովհետև նախորդ կատարած ծեսն անվավեր է, այդ մարդը պիտի մկրտվի, որովհետև ինքը ուրիշ տարբերակ կամ ուրիշ ճանապարհ չունի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder