Ինչո՞ւ իրավաբանն առաջարկեց մաhшպատիժ Տիգրանին խեղդամահ արած հոր համար
Իրավունք
12:05 07/11/2025
Հայաստան

Ինչո՞ւ իրավաբանն առաջարկեց մաhшպատիժ Տիգրանին խեղդամահ արած հոր համար

Օրեր առաջ երեքամյա Տիգրանի ողբերգական սպանությունը ցնցեց Հայաստանի հասարակությանը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը դեպքից հետո ֆեյսբուքյան իր էջում համոզմունք էր հայտնել, որ երեխային խեղդամահ արած հայրն արժանի է մահապատժի։ Հիշեցնենք, որ ՆԳ նախարարը հայտարարեց, նախնական տվյալներով երեխայի հայրն է  խեղդամահ անելու միջոցով սպանել Տիգրանին։ Հայրը կալանավորված է։ Սպանված փոքրիկի չորս քույր-եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ-ի շուրջօրյա խնամքի կենտրոն։ Նրանք սթրեսային վիճակում են։

Panorama.am-ի հետ զրույցում Դավիթ Թումասյանը ցավով փաստեց՝ նման դեպքերը եղել են, կան ու կլինեն։

«Այլ բան է, որ պետությունն իր ամբողջ գործիքակազմով պետք է կատարի գործուն քայլեր, որպեսզի նման դեպքերը նվազեն։ Դրա համար նախ պետք է լինի շատ հստակ օրենսդրություն, որտեղ երեխայի պաշտպանության ոլորտում ներգրավված մարմինների, գերատեսչությունների լիազորությունները հստակ ներկայացված կլինեն, ինչպես նաև կլինեն հստակ գործիքակազմեր այդ լիազորությունների իրականացման հետ կապված։ Ներկա օրենսդրությունն ունի բավականին շատ բացեր»,-ասաց Թումասյանը։

Նա հիշեցրեց, վերջին չորս տարիներին մշակվում էր օրենսդրություն երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի մասին, որն այս տարվա հոկտեմբերի 22-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել է ԱԺ կողմից, սակայն  դեռ չի ստորոգրվել ՀՀ նախագահի կողմից։

«Ստորագրումից հետո, երբ այն հրապարակվի ու մտնի ուժի մեջ, պետք է նախագծվեն ու ընդունվեն կառավարության՝ 30-ից ավելի որոշումներ, որոնք հնարավորություն կընձեռնեն թե համայնքի սոցիալական աշխատողին, թե մարզպետի աշխատակազմի, մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներին,  թե միասնական սոցիալական ծառայությանը, թե այլ մարմիններին իրականացնել այնպիսի գործառույթներ, որոնք կպաշտպանեն երեխաներին։ Ընդ որում, պաշտպանության հետ կապված կարգավորումները բաժանված են երկու խմբի։ Պաշտպանությունը լինելու է արձագանքման տեսքով, երբ տեղի է ունեցել ինչ-որ դեպք ու դրա շրջանակում տուժած երեխային, կամ նրա ընտանիքի անդամների հետ պետք է տարվի պատշաճ աշխատանք։ Տիգրանի դեպքով մենք ունենա ևս մեկ տուժած երեխա, նրա հնգամյա եղբայրը, որն ականատես է եղել այդ դեպքին, գտնվում է ցնցումային վիճակում, նրան հոգեբանական ու այլ աջակցություն է անհրաժեշտ։ Ընտանիքում կա նաև ռիսկայնություն, որի համար անհրաժեշտ են իրականացնել կանխարգելիչ գործողություններ, գնահատել ոչ միայն ընտանքիի, այլև առանձին-առանձին յուրաքանչյուր երեխայի կարիքը, կարիքահեն մոտեցման շրջանակում պետք է կանխվեն հնարավոր բացասական հետևանքները»,-մանրամասնեց իրավաբանը։

Օրենսդրական փոփոխությունները խնդրի լուծման գործում առաջին քայլն են։ Բայց որքանո՞վ են մեր մասնագետները պատրաստ աշխատանքը կատարելու, որքանո՞վ այդ աշխատանքը կլինի արդյունավետ ու երեխայակենտրոն։

«Ցավոք սրտի, ինչքան էլ տարբեր ոլորտներում մենք ունենք բարեխիղճ մասնագետներ, նրանց կողքին լինում են նաև անբարեխիղճ մասնագետներ, որոնք պարտաճանաչ ու ջանասիրաբար չեն կատարում իրենց գործը»,-արձանագրեց Թումասյանը՝ ընդգծելով, որ տարբեր մարմինների ներկայացուցիչների մոտեցումների նույնականացում պետք է լինի, նրանց գործողությունները պետք է լինեն երեխայակենտրոն, իսկ նպատակը մեկը՝ երեխային առանց տրավմայի վերադարձնել հասարակություն։

Այս առումով նա շեշտեց, որ որոշ դեպքերում մեր հասարակությւոնը լինում է շատ դաժան, երբեմն առանց մտածելու վնասում է նման զգայուն իրավիճակում հայտնված երեխաներին։

Մինչ ցանկալի կարգավորումներին հասնելը, ո՞ւմ բացթողումն էր ողբերգական դեպքը։ Իրավաբանն արձանագրում է՝ օրենքը կատարյալ չէ, բայց կա որոշակի աշխատանքներ կատարելու հնարավորություն։

«Առաջինը համայնքն էր, որ պետք է այդ ընտանիքին ու երեխաներին մեծ ուշադրություն դարձներ։ Ավելին, քանի որ իրենք բազմազավակ ընտանիքն են, կան երեխաներ, որ ունեն առողջական խնդիրներ, դա նշանակում է, որ համայնքի սոցիալական աշխատողն այդ ընտանիքը պետք է պահեր ուշադրության կենտրոնում, ցանկացած վտանգի առկայության դեպքում կարողանար նախականխել դա։ Ավելին ասեմ, ներընտանեկան կոնֆլիկտները, լարվածությունը չէին կարող վրիպել համայնքի տեսադաշտից, միգուցե համայնքը չի արձագանքել, մտածել է՝ մեր գործը չէ, չխառնվենք, չմիջամտենք։ Համայնք ասելով ես ի նկատի ունեմ ինչպես սոցիալական աշխատողին, այնպես էլ համայնքապետին ու հասարակությանը։ Շատ հաճախ երբ ընտանիքը մնում է միայնակ իր խնդիրների հետ, չկա մեկը, որ խորհուրդ կտա, կաջակցի, կզրուցի, կօգնի, ճիշտ ուղղություն ցույց կտա, ծնողավարման հմտություն կբացատրի, դա բերում է խնդրի էսկալացիայի ու նման հետևանքների»,-ասաց Թումասյանը։

Բնույթով հավասարակշռված ու հայաստանյան օրենսդրությանը քաջատեղյակ  իրավաբանն ինչո՞ւ հայտարարեց. «Տիգրանի մանկասպան հորը մահապատիժն էլ է քիչ»։

«Որպես իրավաբան ես շատ լավ գիտակցում եմ, որ մեր օրենսդրությամբ մենք մահապատիժ չունենք, բայց տվյալ իրավիճակում, հաշվի առնելով հասարակությունում նման դեպքերի ավելացումը, դա կարող է ունենալ շատ ուժեղ կանխարգելիչ ազդեցություն։ Իհարկե, մահապատիժը մարդու իրավունքների հակառ ուղղությունն է, շատ երկրներ գնացել ու գնում են դրա վերացման  ուղղությամբ, բայց օրինակ, նույն ԱՄՆ-ում  կան նահանգներ, որոնք ոչ միայն ունեն մահապատիժ, այլև կիրառում են։ ԱՊՀ երկրներից Բելառուսն ունի և կիրառում է  որոշ անձանց նկատմամբ։ Ինչքան էլ մահապատիժը մարդու իրավունքների տեսանկունից թույլատրելի է, այն ունենում է  շատ ուժեղ կանխարգելիչ նշանակություն։ Եթե մարդն իմանում է, որ իր արածի համար ցմահ դատապարտվելու է և կարողանալու է ժամանակի ընթացքում պայմանական վաղաժամկետ կամ ծանր հիվանդության հիմքով ազատ արձակվել, ինքն այդքան լուրջ չի վերաբերում արարքին։ Իհարկե, այս դեպքով կարևոր է, որ նշանակվի դատահոգեբանական, հոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու այդ անձի հոգեվիճակը, հնարավոր է նա ճանաչվի անմեղսունակ, հոգեկան որոշակի խնդիրների առակայությունը բերի հարկադիր բուժման»,-ասաց իրավաբանը։

՛Այս ամենն իհարկե կպարզվի քննության ժամանակ։ Եթե ամեն բան ընթանա այդ ուղղությամբ, ապա խնդիրը կլինի առողջապահության նախարարությանը, քանի որ չեն կատարվել վաղ նախականխման, հայտանբերման, բուժման աշխատանքներ։

«Այն, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց թիվը բավականին մեծ է, և ոչ բոլորն են գտնվում հոգեկան առողջության կենտրոններում, փաստ է։ Շատ դեպքերում գերծանրաբեռնվածության հետևանքով այդ կենտրոնները չեն ընդունում այն անձանց, որոնք ունեն ստացիոնար բուժման կարիք, սա արդեն այլ գլոբալ խնդիր է, որը պետք է լուծի առողջապահության նախարարությունը՝ ոչ միայն հոգեկան առողջության կենտրոններում բավարար տեղեր ստեղծելով, այլ նաև վաղօրոք բացահայտելով նման անձանց և չեզոքացնելով նրանց կողմից սպառնացող վտանգները։  Եթե ախտորոշում կա, ապա գիտեն այդ հիվանդության ընթացքն ու հնարավոր սրացումները։ Նման կանխարգելիչ աշխատանքը մասնագետների կողմից կարող է բերել նման անձանց կողմից սպանությունների, ծանր հանցագործությունների նվազեցմանը»,-ընդգծեց Դավիթ Թումասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ իրավաբանն առաջարկեց մաhшպատիժ Տիգրանին խեղդամահ արած հոր համար