Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մшրդшuպшնություն պետք է լիներ. Քարաբերդի ոսկու հանքի շուրջ քննարկումները խաթարել են գյուղացիների բնականոն կյանքը
Քարաբերդում ոսկու հանքի շահագործման շուրջ հաճախ հրավիրվող հանրային լսումները լարվածություն են առաջացրել համայնքի բնակիչների միջև, խաթարել գյուղի ու հարակից համայնքների բնականոն կյանքը։ Խնդրի հետևանքով ավելի ակնառու են դարձել օրենսդրական բացերն ու դրանք օր առաջ լուծելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն ոսկու հանքավայրի (կենտրոնական տեղամաս) ժամկետի երկարաձգման, ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային լսումն էր նախաձեռնել։ Հանքավայրի արևելյան ու արևմտյան տեղամասերն ուսումնասիրել է «Զով-Գուժ» ՍՊԸ-ն՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով։ «ԱՍԱԹ» ընկերությունը տարիներ շարունակ բաց եղանակով գյուղում մեկ այլ հանք է շահագործում։
Հանրային լսումներին մշտապես մասնակցող իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է՝ ոչ միայն գյուղի, այլև մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող Վանաձորի բնակիչները դեմ են նոր հանքի շահագործմանը։
«Միայն այս տարի վեց հանրային քննարկում է եղել։ Սա նշանակում է համայնքն ու բնակիչներին մշտապես պահել լարվածության մեջ։ Չորս տարիների ընթացքում 13 հանրային լսում է եղել։ Սա աննորմալ է։ Այն, ինչ կատարվում է ոչ համայնքի, ոչ էլ մարզի ռազմավարական զարգացման մասին չէ, հանքի բացումը հակասում է կանաչ կայուն զարգացման ռազմավարությանը, հատկապես երբ կառավարությունը Փամբակն ու Վանաձորը ճաաչել են զբոսաշրջային կլաստերներ։ Բնակիչները հստակ դիրքորոշում ունեն, որ գործող ոսկու հանքը շահագորման ավարտից հետո պետք է փակվի։ Իսկ նոր հանքավայր չպետք է լինի՝ անկախ այն բանից կլինի բա՞ց, թե՞ փակ շահագործում։ Մարդիկ դեմ են, որ այդտեղ հանքարդյունաբերական շղթան շարունակվի»,-նշում է Դուլգարյանը։
Իրավապաշտպանի խոսքով, տարածաշրջանում հանքավայրի շահագործմանը ձգտող յուրաքանչյուր ընկերություն իր կողմնակիցների թիմերն է ձևավորել, դրանց մեջ երբեմն ներգրավվում են քրեական ենթամշակույթի խոսույթով մարդիկ, թիմերը հաճախ պայքարում են իրար դեմ։
«Հայաստանում ամենաժողովրդավարական գործիքը հանրային քննարկումն է ուղիղ ժողովրդավարության իմաստով։ Բայց օրենսդրությունը բերել հասցրել է այնպիսի վիճակի, որ այդ գործիքը սկսկում է աշխատել որպես ճնշման փորձ։ Եթե առաջնորդվենք այդ օրվա հանրային քննարկումներում Քարաբերդի, Փամբակի, Վանաձորի բնակիչների արտահայտած մտահոգություններով, ապա այդ նախագիծը Շրջակա միջավայրի նախարարության կողմից չպետք է ստանա դրական եզրակացություն»,-ասաց իրավապաշտպանը։
Բնակիչների միջև լարվածությունն հատկապես ակնհայտ էր վերջին քննարկման ժամանակ. մի տղամարդ հանքի շահագործմանը կողմ արտահայտված վարչական շրջանի 75 տարեկան ղեկավար Յուրա Շավելյանին անվանեց ծախված։
«Փամբակից մի երկու նարկոման էին բերել, եկան, ավել-պակաս խոսեցին, գնացին։ Լավ էլ ճանաչում եմ, որ նարկոմաններ են, խմող, մարդասպանություն պետք է լիներ, ես հըլը որ համբերում եմ։ Ախր հորքուրիս էլ թոռն է, հալալ տղի տղեն է։ Փախավ, թե չէ սատկացնելու էի դրան, մռութն էի ջարդելու։ Ես ձեզ ասեմ, որ այդ մարդկանց շատերին հետաքրքիր չէ, ով հանքը կշահոգրծի, ոնց կշահոգրծի։ Էդ ուղղակի կողքից բզում են, գալիս են, ավել-պակաս խոսում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Քարաբերդ վարչական շրջանի ղեկավարը։
Վեճին խառնվել են ղեկավարին վիրավորած տղամարդու եղբայրները, առաջարկել են, որ նա գնա ու վարչական շրջանի ղեկավարից ներողություն խնդրի։
«Ասել է՝ գամ ներողություն խնդրեմ, ասել եմ, չբերեք դրան»,-պատմում է նա։
Շավելյանի խոսքով, Քարաբերդի գրեթե բոլոր բնակիչները կողմ են հանքի շահագործմանը, չեն արտահայտվում լավամարդ կամ վատամարդ չլինելու համար։ Գյուղը մոտ 70 բնակիչ ունի, այստեղ ապրում են հիմնականում տարեցներ։ Քարաբերդում դպրոց չկա, երիտասարդները հեռացել ու ապրում են հիմնականում մոտակա Վանաձորում։
«Եթե հարցնենք, ով է կողմ, որ հանքը շահագործվի, բոլորն էլ ձեռք կբարձրացնեն։ Հիմնականում ուզում են, որ հանքը բացվի»,-վկայում է գյուղապետը։
Նա հիմնավորում է՝ հանքը բաց կերպով շահագործող չեխերը («Ասաթ» ընկ.-խմբ.)բավականին օգնել են գյուղին, գյուղապետարանի շենքն են կառուցել, լուսավորութուն են քաշել, հույս ունի, եթե նոր հանքի շահագործման թույլտվություն տրամադրեն «Ասաթ»-ին, գյուղացիների համար գազ էլ կքաշեն։
«Եթե մինչև խոշորացումը գային չեխերը, մեր գյուղը դրախտ կլիներ։ Նրանց տրամադրած գումարի մի մասը գնաց Արցախից եկած մարդկանց, մենակ 30 հատ լվացքի մեքենա են առել, տրամադրել։ Ես պարզ ասեմ էլի, էդ մարդիկ օրենքի սահմաններում են աշխատում, մեր հայերի ձեռքը որ ընկնում է, սկսում են խարդախություն անել։ Որ ուզում եք իմանաք, մեր օրենքները սխալ են, պետք է կարևոր մի քանի մասնագետներից կազմված հանձնաժողով լինի, որ ասի՝ այստեղ կարելի է հանք շահագործել, այստեղ չի կարելի։ Բերել են, մեր բառադի գյուղացուն հարցնում են, կարելի՞ է, թե՞ չի կարելի»,-ասաց Յուրա Շավելյանը։
Օլեգ Դուլգարյանն ընդգծում է՝ մինչ հանքի շահագործման թույլտվությունը անհրաժեշտ է նախարարության կողմից գրունտի գնահատման վերաբերյալ փորձաքննություն իրականացնել։
«Չի արվել, նաև չի գնահատվել, թե փակ շահագործումն ինչ վտանգներ է առաջացնում, մենք կարող ենք գործ ունենալ ստորգետնյա ջրերի խանգարումների, անկառավարելի վիճակի հետ։ Ալավերդիում փակված հանքերի խորշերից անձրևներից հետո ջրերը հոսում են, խառնվում շրջակա միջավայրի ջրերին։ Հստակ պետք է արձանագրվի, թե ինչ վտանգների կարող է հասցնել փակ շահագործումը, մինչդեռ այն հիմա ներկայացվում է որպես փրկություն, հանրությանը չեն ներկայացվում դրա բացասական հետևանքները»,-ասաց Դուլգարյանը։
Նա հիշեցնում է, որ երկրա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Ալոյանն այդ տարածքը ներկայացնում է որպես ուրանակիր գոտի։ Կարո՞ղ եք հերքել այդ տեղեկությունները։ Դուլգարյանի այս հարցին ի պատասխան ՇՄՆ ներկայացուցիչը լռել է։
«Այդտեղ հետևանքի բան չկա։ Սարի էն կողմն են անելու, աշխատելու են թունելային կերպով։ Ասում են՝ ուրան կա, եթե ուրան լիներ, անհնար բան է, որ պետությունը չարգելեր հանքի շահագործումը, առաջին հերթին կգար, ուրան կհաներ։ Ամեն գիտնական իր եզրակացությունն է անում։ Այ բալամ, մենք գազ չունենք, նավթ չունենք, արծաթն ու ոսկին է, դա էլ որ ամեն տեղ արգելենք, ո՞նց կլինի»,-մտավախություններին կարճ արձագանքում է վարչական շրջանի ղեկավարը։
Իրավապաշտպանն ընդգծում է, որ Հայաստանում հանքարդյունահանման դեպքում շրջակա միջավայրի վրա բացասական հետևանքների, առողջապահական ու այլ ռիսկերի պատշաճ փորձաքննություն չի իրականացվում։ Նա առաջարկում է առաջիկա 3-4 տարիների ընթացքում նոր հանքերի շահագործման թույլտվություն չտրամադրել, փոխարենը զբաղվել պատշաճ փորձաքննությունների իրականացումն ապահովող միջոցառումներով, հակառակ դեպքում, ահազանգում է, մնալու ենք նույն կետում։
«Բոլոր ՏԻՄ-երն առկախված են հանքարդյունաբերական ընկերություններից կամ երազում են նման կախվածություն ունենալ, իրենք դա արդարացնում են, որ շահագրգռված են համայնքում սոցիալ-տնտեսական վերելքներ ունենան, ներդրումներ կատարվեն։ Բայց իմ կարծիքով, մենք ունենք օրենսդրական բաց, ինչը թույլ է տալիս, որ այդ գործակցությունը ռիսկեր ծնի, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկեր։ Մենք այս առումով լուրջ անելիքներ ունենք։ Չպետք է ՏԻՄ-ի ու հանքարդյունաբերական ընկերության հարաբերությունները թողնված լինեն ուղղակի։ Նույնիսկ հանքարդյունաբերող ընկերության ներկայացուցչի ու ՏԻՄ ղեկավարի ոչ օֆիցիալ հացկերույթը, օրինակ, պետք է դառնա խնդիր։ Այստեղ մենք ունենք օրենսդրական բացեր։ Բացի այդ, չկան մեխանիզմներ, որը թույլ կտա ՏԻՄ-ին վերահսկել հանքարդյունաբերող ընկերությանը կամ թելադրել քաղաքականություն։ Դա բերում է նրան, որ տեղական իշխանությունը հարմարվում է այն ցանկություններին ու ձգտումներին, որ ունի հանքարդյունահանողը։ Այսինքն, ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, որ թեկուզ համայնքին օգուտ տան»,-ասում է իրավապաշտպանը։
Հաշվի առնելով Քարաբերդի փորձը՝ Դուլգարյանն ու մի քանի ՀԿ-ներ առաջարկել են նույն համայնքում հանրային լսումների թվի սահմանափակում նախատեսել։
«Չի կարող նույն համայնքում նույն թեմայով տասնից ավելի հանրային քննարկում տեղի ունենալ։ Պետք է սահմանափակում լինի։ Կարծեք թե Շրջակա միջավայրի նախարարությունն այս առումով օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնում»,-ասում է նա։