Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով
Իրավունք
00:28 14/11/2025
Հայաստան

Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Աջափնյակ նստավայր), դատավոր Ռոման Սմբատյանի նախագաhությամբ, որոշեց  բավարարել քննիչի միջնորդությունը, և «Իմնեմինի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով։  Այս մասին դատարանի մոտ հայտարարեց Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Նա ասաց, որ միաժամանակ արգելվել է հաղորդակցվել այլ անձանց հետ, բացառությամբ պաշտպանի և ընտանիքի անդամների։ 

«Որոշումը կբողոքարկվի, որովհետև մեր համոզմունքն է, որ այստեղ չկա օրինականության որևէ նշույլ անգամ»,- ասաց փաստաբանը։ 

Արսեն Բաբայանն ավելի վաղ հայտնել էր, որ Վազգեն Սաղաթելյանի մեղադրանքում միայն խուլիգանության մասին է, չկա սպառնալիքի նկարագրված դրսևորում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին վաղ առավոտյան «Իմնեմինի» փոդքասթի  համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի տուն ու Նարեկ Սամսոնյանի բնակարան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ էին մտել, կատարել խուզարկություն, ձերբակալել, ապա նրանց ձեռքերը ոլորած տարել Երևանի քննչական բաժին։ Նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն  ձերբակալվել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ 

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ իրավական գնահատական տալու համար»,-  Panorama.am-ին ասել էր Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով