Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաղարշապատ համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը։
Ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվում են ընտրությունների համար ձևավորված բոլոր տեղամասերը։ Քվեարությունը կշարունակվի մինչև 20.00-ն։
Ավագանու համամսանական ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Ըստ քվեաթերթիկների հերթականության այդ ուժերն են.
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, դրա կազմում հանդես են գալիս «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը։
«Համահայկական ճակատ» կուսակցությունը, ցուցակ գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը
«Հանրապետություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը
«Ժառանգություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը
«Հայրենիք» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը։
Վաղարշապատում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ նոյեմբերի 12-ին հրապարակված պաշտոնական տվյալների, կազմում է 69,866։ Ընտրատեղամասերի թիվը 47-ն է, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։
Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում:
ԿԸՀ-ն ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրել է 31 ԶԼՄ և դիտորդական առաքելություն իրականացնող 6 սուբյեկտ, որից երկուսը` համատեղ:
ՆԳՆ-ից հայտնել են որ ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների աշխատանքի հստակ ուղղություններն ու գործիքակազմը։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում քաղաքացիները ընտրություններին մասնակցելու նպատակով կարող են ստանալ ինչպես ժամկետանց անձնագրին փոխարինող փաստաթուղթ, այնպես էլ քվեարկության օրը լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկվելու համար տեղեկանք, ինչը թույլ կտա իրացնել ընտրելու իրենց իրավունքը։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում ընտրությունները նշանակեցին այն բանից հետո, երբ այս տարվա մայիսի 15-ին ՔՊ-ական քաղաքապետ Դիաննա Գասպարյանը 7 տարի պաշտոնավարելուց հետո հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։
Դիանա Գասպարյանը, իր ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել։ Այժմ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարը, նրա ամուսինը՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը մեղադրյալի կարգավաիճակ ունեն։ Նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Նախօրեին հակակոռուպցիոն կոմիտեից Panorama.am-ին հայտնել են, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է։