Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եթե սա պատիժ է, որ ես արցախցի եմ, հանուն Արցախի արել եմ որոշակի քայլեր, հավաքների եմ մասնակցել, հանդիպումներ եմ ունեցել արցախցիների հետ, զուտ ցանկություն չի եղել»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընթացող Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստին ասաց մեղադրյալ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Նա նշեց, որ Արցախի ԱԺ պատգամավոր է ու իր պարտականությունն է կատարել՝ հանդիպելու արցախցիների հետ. «Մեղադրյալի աթոռին եմ՝ իմ պարտականությունները փաստացի կատարելու պատճառով»։
Ինչ վերաբերում է մեղադրանքին, նա ասաց. «Ներկայացված են՝ պայթուցիկներ և այլն։
Իմ ձեռք բերած պայթուցիկը կրակայրիչն է եղել, եթե դրա համար ինձ պետք է մեղադրել, դրանով պայմանավորված իմ ընտանիքի կարիքները թույլ չտալ հոգալ, թողնում եմ դատարանի խղճի վրա»։
Նիստի ընթացքում դատախազը միջնորդեց երեք ամսով երկարացնել Դավիթ Գալստյանի տնային կալանքի ժամկետը։
Դ. Գալստյանի պաշտպանն էլ միջնորդեց վերացնել տնային կալանքը. «Բռնի տեղահանված Դավիթ Գալստյանը, գտնվելով ազատության մեջ, կկարողանա աշխատել և հոգալ իր ընտանիքի անդամների հոգսերը։ Միջնորդում ենք սահմանել վարչական հսկողություն, անհրաժեշտության դեպքում կիրառել այնպիսի սահմանափակումներ, որոնց պարագայում էլ կարողանա ներկայանալ աշխատանքի։
Դատավոր Կարեն Ֆարխոյանն ասաց, որ անհրաժեշտություն չկա շահարկել արցախցի լինելու հանգամանքը. «Նույն արցախցին, նույն երևանցին, նույն գյումրեցին հայ են, ինչո՞ւ պետք է խտրականություն դրվի»։
Դատավորը հայտարարեց. «Հաշի առնելով առողջական խնդիրները, որոնք ի հայտ են եկել մեղադրյալի մոտ, նաև հաշվի առնելով, որ դատական նիստերի ընթացքում ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, նաև ընտանիքի ֆինանսական վիճակը՝ միակ կերակրողն է, այլ անձինք չեն աշխատում ընտանիքում, որոշվեց տնային կալանքի եռամսյա ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո, փոփոխել, որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը, անփոփոխ թողնել խափանման միջոց 5 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը»։
Դատարանի որոշմամբ, Դավիթ Գալստյանը մարդաշատ վայրեր չի կարող այցելել, վարույթով մեղադրյալների հետ չի կարող շփվել։