Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ-ում այս պահին 60-ից ավելի անձ քաղաքական դրդապատճառներով ենթարկվում է քրեական հետապնդման. Վարդանյան
««Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով նոյեմբերի 26-ին նախատեսված խորհրդարանական լսումներին մասնակցելու համար հրավեր կլինի նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, սակայն, կարծում եմ, որևէ հույս չունեմ, որ ներկա կլինի ու կտա պարզաբանումներ»,- նախքան ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» նախագծի քննարկումն՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանը։
Նա նշեց, որ մեկ անգամ արդեն եղել է ԱԺ-ում, միջնորդություն էր ներկայացնում անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոց կիրառելու հետ կապված, ամբիոնից խեղաթյուրված ինֆորմացիա է ներկայացրել։
«Չեմ հավատում, որ այս լսումների ընթացքում գալու է, որպեսզի շտկի իր կողմից ներկայացված խեղաթյուրված ինֆորմացիան»,- ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ լսումներին հրավիրելու են միջազգային կառույցների ներկայացուցիչների, քանի որ, տարօրինակ կերպով, միջազգային կառույցները շատ իներտ են ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարության դեմ ոտնձգություններին։
Է.Վարդանյանն ընդգծեց, որ այս պահին 60-ից ավելի անձ քաղաքական դրդապատճառներով ենթարկվում է քրեական հետապնդման, գրեթե 40-ն այս պահին կալանքի կամ տնային կալանքի տակ է։