2018-ի իշխանազավթումից հետո ՔՊ-ականները սկսեցին առաջարկներ անել Նարեկին՝ միանալ իրենց, մերժում ստանալով՝ սկսեցին հետապնդումները. Նարեկ Սամսոնյանի կին
Հասարակություն
22:37 22/11/2025
Հայաստան

2018-ի իշխանազավթումից հետո ՔՊ-ականները սկսեցին առաջարկներ անել Նարեկին՝ միանալ իրենց, մերժում ստանալով՝ սկսեցին հետապնդումները. Նարեկ Սամսոնյանի կին

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Սամսոնյանը, վիդիոշարքի միջոցով ներկայացնելու է բոլոր այն հետապնդումները, որոնց միջով անցել են «փաշինյանական Հայաստանում»։

«Մեր պայքարն ու հետապնդումները՝ դրվագ առ դրվագ․ Մաս 1․ պատմում է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը».

«2018-ի իշխանազավթումից հետո նոր-նոր պաշտոններ ստացած, այսօր արդեն ՔՊ-ական պատգամավոր, կարկառուն ՔՊ-ականներ,  սկսեցին առաջարկներ անել Նարեկին՝ միանալ իրենց։ Բավականին գայթակղիչ առաջարկներ, որոնց կհամաձայնվեր մարդ, եթե սիրեր միայն փողն ու արագ հարստանալու հեռանկարը։

Բոլոր առաջարկները Նարեկն առանց մտածելու մերժում էր։ Երբ արդեն ՔՊ-ում էլ հասկացան, որ Նարեկն իրենցից մեկը չէ, որ տրվի գայթակղություններին, պատրաստ լինի հանուն փողի, իշխանության վաճառել հոգին, դավաճանել իր սկզբունքներին, գաղափարներին, որոշ ժամանակ անց սկսեցին սկզբում թեթև՝ քաղաքացիական հայցերով, տարիների ընթացում քրեական գործեր հորինելով սաստկացնել հետապնդումները՝ փորձելով լռեցնել ամուսնուս։

Իշխանական թիվ մեկ ընտանիքի անդամները, բարեկամները, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ամուսնուս հրապարային գործունեությունը խոչընդոտելու, իրենց ապօրինությունները, կոռուպցիոն բացահայտումները կանխելու նպատակով սկսեցին տարաբնույթ քաղհայցերով դիմել դատարաններ՝ փորձելով ճնշումներ գործադրել ամուսնուս վրա՝ մեծ դրամական փոխհատուցումներ և հերքումներ պահանջելով։

Ոմանց համար այս բոլոր հետապնդումները եղել են զուտ ժամանակագրություն, ոմանց համար՝ վիճակագրություն, ոմանց համար էլ թքած ունենալու ինչ-որ բան, բայց ինձ համար, մեր ընտանիքի համար դրանք եղել են ապրումներ, որոնք սրտներումս ապրել ենք լուռ՝ խորը գիտակցում ունենալով, թե ինչու են դրանք տեղի ունենում։ Մենք պատրաստ ենք եղել հանուն մեր պետության անցնել դրա միջով, պայքարել և ոչ մի պարագայում հետ չկանգնել մեր պայքարից։ Ասում եմ մենք, քանի որ ես ստորագրել եմ ու ստորագրում եմ Նարեկի ամեն մի հայտարարության, խոսքի տակ, մեր սերը մեր պետության հանդեպ վեր է ամեն ինչից։

Զավեշտալին այն է, որ Նարեկը 2018 թվականից սկսած հետապնդվել է բացառապես հրապարային, քննադատական խոսքի համար»։ 

Լուսինեն պատմում է հետապնդումների մի քանի դեպքերի մասին։ Նա նաև հիշեցնում է, որ այսօր Հայաստանում խոսքի համար միայն իր ամուսինը չէ, որ հետապնդվում է։ Լուսինեն թվարկում է քաղաքական, հասարակական գործիչներին, հոգևորականներին, որոնք գտնվում են անազատության մեջ։ 

«Ուզում եմ անպայման առանձնացնել միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի դեպքը, որը բացահայտ քաղաքական հետապնդման մասին է։ Երկու օր առաջ երեք ամսով անհիմն երկարացվեց Լիդյայի կալանքը, ինչը խոսում է  այս իշխանությունների ոչ միայն կառավարման ոճի, այլև բարոյականության հանդեպ այլասերված պատկերացումների մասին»,- նշում է Լուսինեն։

Նարեկ Սամսոնյանի կինը նաև ասում է, որ  այսօր Հայաստանի բանտերում, բացառապես իրենց քաղաքական հայացքների համար, անազատության մեջ են գտնվում շուրջ 6 տասնյակ քաղբանտարկյալներ. «Նրանց բոլորի հետևում պատմություններ են, ընտանիքներ՝ մայրեր, կանայք, զավակներ ... Վստահ եմ, սա բոլորի համար պատվաբեր փորձություն է։

Եկեք չմոռանանք այս մարդկանց մասին։

Ազատություն ռեժիմի քաղաքական գերիներին»։

Հիշեցնենք, որ  «Իմնեմինի» փոդքասթի  համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են նոյեմբերի 13-ին, իսկ նոյեմբերի 14-ին դատարանի որոշմամբ կալանավորվել են երկու ամսով։ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2018-ի իշխանազավթումից հետո ՔՊ-ականները սկսեցին առաջարկներ անել Նարեկին՝ միանալ իրենց, մերժում ստանալով՝ սկսեցին հետապնդումները. Նարեկ Սամսոնյանի կին