Քաղաքական բռնшճնշnւմների հետևանքով է Լիդյա Մանթաշյանը գտնվում անազատության մեջ. Նստացույց՝ դատախազության դիմաց
Քաղաքական
14:14 24/11/2025
Հայաստան

Քաղաքական բռնшճնշnւմների հետևանքով է Լիդյա Մանթաշյանը գտնվում անազատության մեջ. Նստացույց՝ դատախազության դիմաց

Պատերազմի մի քանի մասնակից, նաև «Սրբազան պայքարի» աջակիցներ նստացույց են անում գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով ազատ արձակել միակ կին քաղբանտարկյալ, «Սրբազան պայքարի» գործով արդեն հինգ ամսից ավելի անազատության մեջ գտնվող Լիդյա Մանթաշյանին։

«Այս քայլով փորձում ենք իրազեկել, որ Հայաստանում իբր հաստատվել են ժողովրդական բարքեր, բայց դրանց ներքո կան քաղբանտակյալներ, հատկապես կին քաղբանտարկյալ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նստացույցի մասնակից Արման Պետրոսյանը։

Նա նշեց, որ ակնկալում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների խոսքը. «Նրանց լռելու տարբերակը կդիտարկվի որպես ծառա ներկա քաղաքական իշխանությանը, քանի որ այս գործն արդեն քաղաքական երանգ է ստացել, քաղաքական բռնաճնշումների հետևանքով է Լիդյա Մանթաշյանը գտնվում քրեակատարողական հիմնարկում»։

Արման Պետրոսյանի կարծիքով, Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը երկարաձգելով՝ ուզում են Բագրատ Սրբազանին ավելի ցավեցնել։  Նա հույս ունի, որ գլխավոր դատախազը լինելով կին՝ այդ հանգամանքը մի քիչ բարոյապես կստիպի, որպեսզի Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը փոխեն։

Ա.Պետրոսյանն ասաց, որ իրենց պայքարը չի ավարտվելու զուտ այս նստացույցով, պայքարը լինելու է ըստ իրադարձությունների զարգացման, պայքարելու են այնքան ժամանակ, մինչև Լիդյա Մանթաշյանն ազատ արձակվի։

Ըստ նստացույցի մասնակից Արման Մխիթարյանի, այսօր հանրությանն իրազեկելու խնդիր կա, որ Հայաստանում կա կին քաղբանտարկյալ։

«Ավելին ասեմ՝ մենք այսօր Հանրապետությունում չենք ապրում, այլ բռնապետությունում, որտեղ բոլոր երեք իշխանությունները՝ դատական, գործադիր, օրենսդիր, ուզուրպացված են մեկ մարդու կողմից։ Բոլոր որոշումներն այդտեղից են գալիս։ Լիդյա Մանթաշյանը քաղբանտարկյալ է, հետևաբար պատվերը քաղաքական է, դրա հասցեատերը նստած է կառավարության շենքում։ Կարծում եմ՝ որոշ քննարկումներից հետո նստացույցը կտեղափոխենք կառավարության շենքի մոտ, որն ավելի թիրախային կլինի»։

Նստացույցի մասնակից Հովսեփ Ղազարյանն ասաց, որ վերջին շրջանում Հայաստանում օր-օրի բռնաճնշումները սաստկանում են, Լիդա Մանթաշյանի դեպքը համբերության բաժակը լցրեց, անընդունելի է կնոջ նկատմամբ նման վերաբերմունքը։

«Պահանջում ենք Լիդյան ազատ արձակվի կամ փոխվի խափանման միջոցը։ Իրավապահ համակարգից որևէ ակնկալիք չունենք, ակնկալիքը հասարակությունից է, որ ճնշում գործադրի, Լիդյան ազատ արձակվի»,- ասաց Հ. Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Լիդյա Մանթաշյանը կալանավորվել է հունիսի 26-ին։ Օգոստոսի 20-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր երեք ամսով։ Նոյեմբերի 20-ին ևս երեք ամսով երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքական բռնшճնշnւմների հետևանքով է Լիդյա Մանթաշյանը գտնվում անազատության մեջ. Նստացույց՝ դատախազության դիմաց