«Անտիֆեյք»-ի խմբագրակազմն ԱՄՆ դեսպանատան դիմաց է
Իրավունք
12:35 28/11/2025
Հայաստան

«Անտիֆեյք»-ի խմբագրակազմն ԱՄՆ դեսպանատան դիմաց է

«Անտիֆեյք»-ի խմբագրության ներկայացուցիչներն այս պահին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց են։ Նրանք եկել են առձեռն նամակ հանձնելու դեսպանատան ներկայացուցիչներին՝ ներկայացնելու փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները։

«Հանրային ճնշումը կարող է աշխատել, ինչը լավագույն կերպով տեսանք Լիդյա Մանթաշյանի դեպքում։ Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները»,-ԱՄՆ դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց AntiFake-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։

Նա մանրամասնեց, որ այսօր եկել են դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ դեսպանին առձեռն հանձնելու քաղաքական նպատակներով կալանավորված Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձը։

«Մի քանի օր առաջ նա ուղերձ է հղել ԱՄՆ դեսպանին, բայց որևէ արձագանք չկա։ Մեր խնդիրն է՝ այն առձեռն փոխանցել դեսպանին, որպեսզի վաղը, մյուս օրը չկարողանան ասել, որ տեղեկացված չեն եղել»,-ասաց Մաթևոսյանը։

Բացի այդ, խմբագրությունը պատրաստել է նամակ, որտեղ ներկայացված են փաստական տվյալներ, թե ինչպես են սկսել այս գործողությունները, ինչպես են իրավապահները մուտք գործել խմբագրություն, առևանգել ողջ տեխնիկան։

Հիշեցնենք,  նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքասթին տված բացառաիկ հարցազրույցից հետո ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում վիրավորանք է հնչեցնում փոդքասթի համահեղինակների հասցեին՝ մասնավորապես նրանց անվանելով «շան լակոտներ», «կյանքում ոչնչի չհասած երկու լածիրակներ»։ Ալեն Սիմոնյանին պատասխանում են Սաղաթելյանն ու Սամսոնյանը փոդքասթի հաջորդ թողարկման ժամանակ, ինչպես նաև Վ. սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարում։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանը շարունակում է վիրավորանքներ հնչեցնել նրանց հասցեին՝ նրանց որակելով «ոչնչություններ» «վարձու անհաջողակներ» և այլն, ապա հաղորդում է  ներկայացնում իրավապահներին։

Դրանից հետո նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ մուտք են գործել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, կատարել խուզարկություններ, ապա նրանց ձեռքերը ոլորած  ձերբակալել։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի համար դատարանը որպես խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը։

Բացի նրանց տների խուզարկությունից, իրավապահները մտել են «Անտիֆեյք»-ի խմբագրություն, իրականացրել խուզարկություններ, տարել ողջ տեխնիկան, ձերբակալել երկու լրագրողների։ Իրավապաշտպանները, փաստաբանները համարում են, որ հետապնդումների նպատակը իշխանության ընդդիմախոսներին, ԶԼՄ-ին լռեցնելն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Անտիֆեյք»-ի խմբագրակազմն ԱՄՆ դեսպանատան դիմաց է