Առաջացնելու է մեծ հերթեր, դժգոհություններ. Փորձագետները՝ համընդհանուր ապահովագրության ներդրման մասին
Տնտեսություն
14:53 04/12/2025
Հայաստան

Առաջացնելու է մեծ հերթեր, դժգոհություններ. Փորձագետները՝ համընդհանուր ապահովագրության ներդրման մասին

Համընդհանուր առողջապահական ապահովագրության նախագիծը հասավ Ազգային ժողով։ Տարիներ շարունակ խոստացված համակարգի ներդրումը Կառավարությունը նախատեսում է սկսել 2026 թվականի հունվարից։ Նախագիծը ԱԺ է ներկայացվել ներդրման վերջնաժամկետից ընդամենը մեկ ամիս առաջ։

Այս նախագծի ընդունման դեպքում կապահովագրվեն մինչև 18 տարեկան շուրջ 700 հազար անձինք, 65 տարեկանից բարձր 400 հազար քաղաքացիներ, 18–65 տարեկան հաշմանդամություն ունեցողներն ու սոցիալապես անապահովները։ Նրանց ապահովագրության վճարումը կկատարի պետությունը։

2026-ին առողջապահության համընդհանուր ապահովագրումը պարտադիր կլինի 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ կամ համարժեք եկամուտ ստացող անձանց համար, ինչպես նաև նրանց, ովքեր արդեն ունեն մասնավոր ապահովագրություն, ԱԺ–ում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ապահովագրության փաթեթը բավականին ուշ է ներկայացվել ԱԺ, ինչի պատճառով դժվար է հավատալ, որ հունվարի 1-ից կունենանք համընդհանուր ապահովագրություն։ Այս մասին Panorama.am–ի հետ զրույցում ասաց առողջապահության փորձագետ, «Անկախ փորձագետ» ՀԿ հիմնադիր նախագահ Ծաղիկ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ առնվազն 6 ամիս միջանկյալ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի գործարկել ապահովագրության համակարգը։

«Հիմնադրամը դեռ պատրաստ չէ, ապահովագրական վկայականներն անգամ չեն բաժանվել։ Ժամանակի խնդիր ենք ունենալու»,- ասաց Վարդանյանը։

Փորձագետի կարծիքով՝ նախագծի ամենամեծ բացն այն է, որ հստակեցված չէ փաթեթների ուղղությունները, այսինքն՝ ապահովագրական փաթեթում ներառվող ծառայությունները։

«Այն ընդհանուր ձևակերպումները, որոնք տրված են, կարող էին լինել հայեցակարգում։ Օրենքում պետք է հստակ լիներ։ Չի հրապարակվում ամենակարևորը՝ ծառայությունների ցանկը։ Ենթադրվում է, որ մանիպուլյացիոն մոտեցում է լինելու։ Օրինակ՝ խոսակցությունների մակարդակում տեղեկություն կա, որ սպասվում են ծառայությունների սահմանափակումներ, տարիքային սահմանափակումներ, մեկ տարվա ընթացքում որոշ ծառայություններից օգտվելու թվի սահմանափակումներ»,- նշեց Վարդանյանը՝ ընդգծելով, որ կազմակերպչական առումով առողջապահական ենթակառուցվածքները գտնվում են անորոշության մեջ, և կարող են առաջանալ թողունակության խնդիրներ։

Վարդանյանի խոսքով՝ մեծ ծանրաբեռնվածություն է լինելու առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների վրա, և դրա հետևանքով կանխարգելիչ հետազոտությունների փուլը կարող է դառնալ ձևական։

«Պոլիկլինիկաներին ու հիվանդանոցներին անհրաժեշտ էին ակտուարական հաշվարկներ, որպեսզի կարողանային պատրաստ լինել։ Օրինակ՝ սոնոգրաֆիական սարքավորում ձեռք բերել, նոր կադրեր ներգրավել։ Բացառությամբ անհետաձգելի դեպքերի՝ մնացած դեպքերում ուղեգրի անհրաժեշտությունը պարտադիր է։ Պարտադիր են նաև կանխարգելիչ հետազոտությունները, որպեսզի փաթեթը ակտիվանա։ Սա նշանակում է՝ լինելու է հետազոտությունների ու խորհրդատվությունների ցանկ, որ պետք է իրականացվի՝ հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերելու համար։ Այս ամենը առաջացնելու է քաղաքացիների մոտ խուճապ, մեծ հերթեր, դժգոհություններ։ Կանխարգելիչ զննությունը կարող է դառնալ ֆորմալ՝ հնարավորինս արագացված»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հատկապես մեծ է լինելու դիմելիությունը 65 և բարձր տարիքային խմբում, որտեղ հիվանդացության ցուցանիշը բարձր է։

«Այս քաղաքացիների մոտ կուտակված են առողջական խնդիրներ, և ֆինանսական անհասանելիության պատճառով տարիներով չեն դիմել բժշկական օգնության։ Մի կողմից՝ մարդիկ ոգևորված կլինեն, որ կարող են իրենց խնդիրները լուծել, մյուս կողմից այդ ոգևորված քաղաքացիները կհայտնվեն չպատրաստված առողջապահական համակարգում, ինչը կհանգեցնի դժգոհության ու անվստահության աճի»,-նշեց Վարդանյանը։

Ապահովագրության համակարգը հիմնադրամի միջոցով կառավարելու վերաբերյալ Վարդանյանը հիշեցրեց նախկինում հիմնադրամների հետ ունեցած բացասական փորձը։

«Նախորդ տարիներին ունեցել ենք տխրահռչակ հիմնադրամներ, որոնց գործունեությունը պետությանը չի ծառայել։ Այժմ նորից հիմնադրամ է ստեղծվում։ Նախագծի մեծ մասը վերաբերում է հենց հիմնադրամին, ոչ թե առողջապահական ապահովագրությանը։ Մի արտահայտությամբ՝ «сам себе режиссёр». հիմնադրամը ինքն է ստուգելու իրեն, բողոքները ինքն է քննելու։ Լինելու է առանձին վերահսկողական բաժին, բայց այն նույն կառուցվածքի ներսում է։ Ինչպե՞ս պատկերացնել, որ իրենք իրենց վերահսկեն։ Մարդու աջ ոտքը ոնց կարող է ձախ ոտքին կամ ձեռքերին վերահսկել։ Ակնհայտ է, որ լինելու են բազմաթիվ վիճելի հարցեր՝ հիմնադրամ–բժշկական կազմակերպություն, քաղաքացի–բժշկական կազմակերպություն և այլն։ Եվ այս հարցերի լուծումը լինելու է հենց նույն հիմնադրամում»,-ասաց նա։

Այս համակարգի ներդրումը մի շարք հարցեր է առաջացնում սպառողների իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից։ Մի կողմից քաղաքացիները պարտավոր են վճարել, մյուս կողմից դեռևս անհայտ է, թե ինչ ծառայություններ են ստանալու և ինչ որակի։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am–ի հետ զրույցում նշեց, որ թեև նախագիծը կոչվում է համընդհանուր ապահովագրության մասին, ըստ էության խոսքը վերաբերում է սահմանափակ թվով անձանց ապահովագրությանը։

«Մենք ունենք շատ թանկ առողջապահական համակարգ։ Համընդհանուր ապահովագրության ներդրումը հնարավոր էր, եթե պետությունը վարեր այնպիսի քաղաքականություն, որ բժշկական ծառայությունները, դեղորայքը ավելի մատչելի դառնային։ Օրերս համեմատություն էր արվել Վրաստանի և Հայաստանի դեղորայքի գների միջև։ Առողջապահության նախարարությանը չի հետաքրքրել, թե ինչպես է ստացվում, որ Վրաստանում դեղորայքը հինգ անգամ, որոշ դեպքերում՝ յոթ անգամ ավելի էժան է։ Այստեղ միայն մարժայի կամ մոնոպոլիաների հարցը չէ։ Սա նախարարության վարած քաղաքականության հետևանք է»,- նշեց Պիպոյանը։

Նրա խոսքով՝ նախագիծն ավելի շատ վերաբերում է հիվանդաբուժությանը, քան առողջապահությանը։

«Եթե քիչ հիվանդ մարդ ունենք, քիչ բուժման կարիք կունենանք։ Ապահովագրությունն, այո, ինչ–որ չափով կանխարգելիչ դեր ունի, սկրինինգային ծրագրեր կան, բայց այս նախագծում հիվանդաբուժության բաղադրիչն է գերակշռում։ Մենք պետք է հասկանանք՝ առողջապահական համակարգը միտված է բուժելուն, թե կանխարգելելուն։ Օրինակ՝ օնկոլոգիական հիվանդությունների վիճակագրությունը համեմատե՛ք այլ երկրների հետ, և կտեսնեք՝ ինչ սարսափելի պատկեր ունենք։ Այո, սկրինինգներ կան, բայց բյուջեն տեսնելիս պարզ է դառնում, որ մենք ավելի շատ գումար ենք ծախսում հիվանդաբուժության, քան առողջապահության վրա»,-ասաց Պիպոյանը։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder