Արշակ Սրբազանի դեմ վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ. Արսեն Բաբայան
Իրավունք
09:50 05/12/2025
Հայաստան

Արշակ Սրբազանի դեմ վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ. Արսեն Բաբայան

«Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա։ Տարբեր անձինք են կասկած հայտնել, ենթադրել են»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Թե ովքեր են եղել կասկած հայտնողները, Բաբայանն ասաց չի կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է։

«Այս գործը քննվում է 2018 թվականից։ Գործով վերջին քննչական գործողությունն իրականացվել է այս տարվա հուլիսին, հարցաքննություն է եղել։ Գործով երեկ ստեղծվել է քննչական խումբ, ձերբակալվել է Արշակ Սրբազանը։ 7 տարի քննել, քննել են, այդպես էլ չեն հասկացել, թե ինչպես է թմրանյութը հայտնվել ուսապարկում։ Այս վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ»,-լրագրողների հարցերին հնչեցրած հարցերին ի պատասխան  ասաց Ա. Բաբայանը։

Փաստաբանի խոսքով, Արշակ Սրբազանը դեռ ասուլիսից սկսած պատրաստ էր նման զարգացումների։

Հիշեցնենք, որ այս դատարանում դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ ժամը 9։30-ին մեկնարկած նիստում քննվելու է Արշակ Սրբազանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Մ. Մելքոնյանը փաստաբանների, հասարակության շրջանում հայտնի է որպես իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր։ Նա եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։

Երեկ հայտնի դարձավ, որ ՔԿ-ում ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ Սրբազանին։ Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արշակ Սրբազանի դեմ վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ. Արսեն Բաբայան