Ոչ մի ուղերձ, նպատակը ինֆորմացիոն հոսքերի հերոս լինելն է. Քաղաքական վերլուծաբանը՝ ФСБ-ի ֆոնին արված տեսանյութի մասին
Քաղաքական
16:00 12/12/2025
Հայաստան

Ոչ մի ուղերձ, նպատակը ինֆորմացիոն հոսքերի հերոս լինելն է. Քաղաքական վերլուծաբանը՝ ФСБ-ի ֆոնին արված տեսանյութի մասին

Երեկ ռուսական ԶԼՄ-ները լայնորեն տարածեցին Նիկոլ Փաշինյանի կարճ տեսանյութը, որտեղ Անվտանգության դաշնային ծառայության շենքի դիմաց՝ պատուհանագոգին նստած սրտիկ է անում։

Կարծիքներ հնչեցին, որ Փաշինյանը Լուբյանկայից ինչ-որ ուղերձ է հղում, քանի որ նման բաները հենց այնպես չեն արվում։

«Վստահաբար սա արվել է ևս մեկ անգամ Մոսկվային հավաստիացնելու համար, որ ինքը հավատարիմ է Կրեմլին ու շարունակում է թեկուզ քողարկված, բայց մնալ ռուսական ազդեցության տակ և ռուս-թուրքական պայմանավորվածությունների տիրույթում»,-գրել էր մի օգտատեր։

Ի՞նչ ուղերձ է հղում Մոսկվայից Նիկոլ Փաշինյանը։

«Ես հակված եմ մտածել, որ այն ոչ մի լուրջ մեսիջ չէր պարունակում, բացի հենց քննարկումներ խթանելու, մեկնաբանություններ առաջացնելու նպատակը։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում շատ մեծ տեղ է զբաղեցնում ինֆորմացիոն հոսքեր թելադրելը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով, տեսանյութն անելիս նախկին լրագրողը շատ լավ պատկերացրել է, որ դրա վերաբերյալ լինելու են ամենատարբեր մեկնաբանությունները, իսկ ինքը՝ դրանց հերոսը կամ հակահերոսը։

«Փաշինյանի համար վաղուց այս կատեգորիաները շատ հարաբերական են։ Իր համար կարևոր է լինել ինֆորմացիոն հոսքերի հերոս և թելադրել հասարակական-քաղաքական տարբեր խոսակցություններ։ Կարծում եմ, այդ տեսանյութը որևէ լուրջ ուղերձ չի պարունակել։ Ուզում էր ընդամենը խթանել այս տարաբնույթ քննարկումները և խոսակցությունները՝ դառնալով դրանց թելադրողը։ Այս հարցում նա հետևողականորեն փորձում է լինել մեդիաեղանակ ստեղծող»,-նշեց Բադալյանը։

Փորձագետի համոզմամբ, Փաշինյանն ամեն կերպ փորձում է տեղակատվական դաշտը լցնել իրենով, որ բոլորը զբաղված լինեն իր հետևից հասցնելով։

«Չեմ կարծում, թե դրանով լուրջ հարցեր լուծվում են։ Հակառակը, լուրջ հարցերը հիմնականում լուծվում են լռությամբ և շեղող տեսանյութերով»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոչ մի ուղերձ, նպատակը ինֆորմացիոն հոսքերի հերոս լինելն է. Քաղաքական վերլուծաբանը՝ ФСБ-ի ֆոնին արված տեսանյութի մասին