Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ 60 հազար քաղաքացիներ դեռ չեն անցել կենսաթոշակներն անկանխիկ ստանալուն
2026թ. ապրիլի 1-ից նպաստներն ու կենսաթոշակներն ամբողջությամբ կվճարվեն անկանխիկ։ Ժամկետ նշանակվել է ապրիլի 1-ը, որպեսզի 60 հազար քաղաքացիների համար, որոնց մի մասն աջակցության կարիք են ունենալու կանխիկից անկանխիկ անցման գործընթացում, դա լինի հնարավորինս սահուն: Այս մասին հայտարարել են կառավարությունից։
Մինչ այդ Panorama.am-ը գրավոր մի քանի հարցեր ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պարզելու, թե ինչո՞ւ 60 հազար քաղաքացիներ մինչ օրս չեն ընտրել անկանխիկ վճարման տարբերակը, ինչպե՞ս է լուծվելու հեռավոր բնակավայրերում կենսաթոշակի անկանխիկ վճարումն ապահովելու հարցը։
Հարց- Պաշտոնական տվյալներով, այսօր ավելի քան 60 հազար քաղաքացի կենսաթոշակ կամ նպաստ ստանում է կանխնիկ եղանակով։ Կա՞ ուսումնասիրություն, թե ի՞նչ պատճառներով (բանկոմատների բացակայություն, առողջական կամ այլ խնդիրներ) 60 հազար մարդ դեռ չի անցել անկանխիկ եղանակով ստանալուն։
Պատասխան- Կառավարության 2025 թվականի նոյմբերի 20-ի նիստում ընդունվել է ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» թիվ 1631-Ա որոշումը։ Ազգային ժողովի կողմից նախագծերի փաթեթի ընդունումից հետո օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում Կառավարությունը կանդրադառնա կենսաթոշակները և նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու հարցին։
Հարկ է նշել, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի գործող խմբագրության 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակառուն ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին։ Այս խումբ անձանց կենսաթոշակները կամ նպաստները (ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ) վճարվում է իրենց ընտրությամբ՝ կանխիկ եղանակով կամ անկանխիկ եղանակով։
Հարց- Հայաստանի շատ բնակավայրերում չկան գումարը կանխիկացնելու համար նախատեսված բանկոմատներ։ Ինչպե՞ս է ԱՍՀ նախարարությունը ապահովելու դրանց առկայությունը։
Պատասխան- 2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է Կենտրոնական բանկի և Պետական եկամուտների կոմիտեի հետ։ Հարկ է նշել, որ սույն կարգավորումը գործելու է ապրիլի 1-ից անկանխիկ վճարման անցնող քաղաքացիների դեպքում անցումը հնարավորինս սահուն կազմակերպելու նպատակով։
Հարց- Նախարարությանը հայտնի՞ են դեպքեր, երբ կենսաթոշակառուները կամ նպաստառուները դարձել են բանկային զեղծարարությունների զոհեր՝ օրինակ նրանց անունով վարկեր են ձևակերպվել։ Եթե այո, քանի՞ նման դեպք է արձանագրվել։
Պատասխան- Ի պատասխան Ձեր հարցի տեղեկացնում ենք, որ բանկային զեղծարարություններին առնչվող հարցերը դուրս են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից։