Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջնահերթությունը ոչ թե տնտեսական զարգացումն է, այլ ուժային կառույցների ամրապնդումը․ Թաթուլ Մանասերյան
«Հայաստանում գործ ունենք ինքնահոսի մատնված տնտեսության հետ, որը չունի ոչ զարգացման տեսլական, ոչ հստակ շարժիչներ»,-Panorama.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ ամփոփելով 2025 թվականը։
- Պարոն Մանասերյան, ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականին և որո՞նք էին հիմնական գործոնները, որոնք ազդեցին դրա վրա՝ թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով։
-Նախ պետք է հստակ տարբերակել տնտեսական աճը և տնտեսական զարգացումը․ դրանք տարբեր հասկացություններ են։ Տնտեսական աճը դեռևս ամբողջապես հաստատված չէ Վիճակագրական կոմիտեի կողմից, իսկ զարգացման մասին խոսելն առավել մեծ վերապահումներով է հնարավոր։ Ես ձեռնպահ եմ մնում 2025-ը անվանել տնտեսական զարգացման տարի, որովհետև մենք գործ ունենք ինքնահոսի մատնված տնտեսության հետ, որը չունի ոչ զարգացման տեսլական, ոչ հստակ շարժիչներ։
Եթե խոսենք զուտ տնտեսական աճի մասին, ապա այն կարելի է վերագրել տարբեր ճյուղերում արձանագրված մասնակի ցուցանիշների համադրմանը։ Սակայն այստեղ ես չեմ տեսնում շարունակականություն նախորդ տարիների համեմատ։ Հիշեցնեմ, որ աճի վրա մեծ ազդեցություն են ունեցել նախորդ տարիներին ակտիվ եղած վերաարտահանման գործընթացները, որոնք ամբողջությամբ չեն վերացել նաև 2025-ին և որոշակի ազդեցություն են թողել։
Կային նաև եղանակային համեմատաբար նպաստավոր պայմաններ, որոնք որոշ չափով մեղմեցին գյուղատնտեսության խնդիրները։ Սակայն այստեղ ևս միտումները հակասական էին։ Ծառայությունների ոլորտում նույնպես արձանագրվել է աճ, սակայն ընդհանուր պատկերը սահմանափակ է, քանի որ զգալիորեն մեծացել է աղքատության մակարդակը։ ՄԱԿ որոշումներում աղքատության ներքին և վերին շեմերը հնարավորություն են տալիս գնահատել աղքատության ավելի բարձր մակարդակ՝ 45 %-ից ավելի, առանձին մարզերում՝ 60 %-ից բարձր է, օրինակ՝ Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզում։ Բևեռացումը շարունակվում է, հաստատված չեն տնտեսության մեջ առաջնահերթություններ։
- Այս համատեքստում կկարողանա՞ք գնահատել կառավարության քայլերն աղքատության հաղթահարման ուղղությամբ։ Դրանք բավարար համարո՞ւմ եք։
- Իհարկե, ոչ։ Եթե իսկապես ցանկություն կա աղքատության կրճատման, ապա առաջնահերթ պետք է լինեն աշխատատեղերի ստեղծումը և մարդկանց կարողությունների զարգացումը։ Պետք են լուրջ ծրագրեր՝ վերապատրաստման, վերամասնագիտացման, հատկապես պահանջարկ ունեցող մասնագիտությունների խթանման ուղղությամբ։
Այսօր սոցիալական քաղաքականությունը հանրության մեջ ընկալվում է որպես նպաստների բաշխում, ոչ թե աշխատանքի միջոցով բարեկեցության բարձրացում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականությունն իրականում չի ապահովում սոցիալական խմբերի կայուն բարելավում։
Բացի այդ, կենսաթոշակների բարձրացման մասին հայտարարություններ են հնչում՝ քեշբեքի տրամադրման կերպով, բայց քողարկված ձևով մարդկանց եկամուտները կրճատվել են։ Քեշբեքի մեխանիզմը խորամանկ ձևով է արված, որ կենսաթոշակառուն իրականում չստանա դա․ միայն գնումների դեպքում կարող է դա ստանալ։ Գործնականում կենսաթոշակառուների եկամուտների մեծ մասը ուղղվում է կոմունալ վճարներին, հատկապես ձմռան ամիսներին, և նրանց համար իրական բարելավում չի արձանագրվում։
- Ձեր կարծիքով, պետական բյուջեն որքանո՞վ է ծառայում տնտեսական զարգացմանը։
- Եթե նայենք բյուջեի ծախսերի կառուցվածքին, կտեսնենք, որ հսկայական միջոցներ ուղղակի մսխվում են, շատ դեպքերում ճանապարհաշինությունն ու դպրոցաշինությունը մատնացույց անելով մարդկանց երեսով են տալիս իրենց իսկ վճարված հարկերով կատարված աշխատանքները։ Հսկայական գումարները հայտնվում են իրենց գրպաններում գերավճարների ու հավելավճարների տեսքով։ Հսկայական ծախսեր կատարվում են ոչ թե գիտությանը, կրթությանը կամ արտադրական զարգացմանը, այլ ոստիկանության և ուժային համակարգի ընդլայնմանը։ Միևնույն ժամանակ, կապիտալ ծախսերը՝ որպես ապագայի տնտեսության մեջ ներդրում, բավարար մակարդակի չեն հասնում։
Այս պայմաններում դժվար է խոսել հավասարակշռված զարգացման մասին, գերակայությունը ոստիկանական պետություն կառուցելն է և մեկ անձի անվտանգության ապահովումը։ Տպավորություն, որ առաջնահերթությունը ոչ թե տնտեսական զարգացումն է, այլ ուժային կառույցների ամրապնդումը։
- Իսկ ինչպիսի՞ն էր 2025 թվականին ներքին և արտաքին ներդրումների վիճակը։ Ո՞ր ոլորտներն ունեն զարգացման ներուժ։
- Ես մշտապես շեշտում եմ ներքին ներդրումների կարևորությունը, սակայն դրանք Հայաստանում փաստացի չեն աշխուժանում, չեն խթանվում։ Պետական բյուջեից իրականացվող կապիտալ ծախսերը, որոնք պետք է լինեն ներդրում ապագայի համար, լուրջ մակարդակի չեն։ Իշխանությունները շարունակում են հաշվել օտարերկրյա, այն էլ ուղղակի ներդրումները։
Հստակ ծրագրեր, ռազմավարական նպատակներ չկան, իսկ այս պայմաններում օտարերկրյա ներդրումների հոսքի մասին խոսելը պարզապես անիրատեսական է։ Երբ պետությունը չի խթանում ներքին ներդրումները և տնտեսության զարգացումը, չի կատարում կապիտալ ծախսեր, դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է արտաքին ներդրողը հետաքրքրվի այդ միջավայրով։
Ընդհանուր պատկերն այսպիսին է․ ներդրումային միջավայրը մնում է թույլ, իսկ առանց ներքին հզորացման արտաքին ներդրումների ակնկալիքը պարզապես հիմնավորված չէ։