Նախատեսում ենք 2030-ին զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3,8 մլրդ դոլարի եկամուտ. Պապոյան
Տնտեսություն
15:00 08/01/2026
Հայաստան

Նախատեսում ենք 2030-ին զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3,8 մլրդ դոլարի եկամուտ. Պապոյան

«Ռազմավարությունը հնարավորություն կտա արդեն 5 տարի հետո ունենալ ավելի շատ զբոսաշրջիկ և ավելի լայն ու դիվերսիֆիկացված շուկա, ինչի համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ն դիրքավորվի որպես զբոսաշրջային խաչմերուկ»,-կառավարության նսիտում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով Զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշումը:

Նախարարաի խոսքով՝ ռազմավարական ծրագրով նախատեսված է զարգացնել 3 հիմնական ուղղություններ՝ մշակութայինը, գաստրոն և արկածայինը:

Պապոյանը տեղեկացրեց, որ նպատակ ունեն նաև զարգացնելու ագրոզբոսաշրջությունը, MICE զբոսաշրջությունը, կրոնական, բժշկական և առողջարանային զբոսաշրջությունը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ռազմավարական ծրագիրը սահմանել է 4 հիմնական նպատակներ. առաջինը տնտեսական ուղղությունն է, որը ենթադրում է օգտագործել զբոսաշրջության տնտեսական ներուժն ամբողջությամբ՝ զբոսաշրջության բնագավառում բարեփոխումների միջոցով նպաստելով տնտեսական առաջընթացին: Երկրորդ ուղղությունը միջազգային գրավչության բարձրացումն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի իմիջը՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի՝ շեշտը դնելով հյուրընկալության, անվտանգության վրա: Երրորդը որակի ապահովումն է, որը ենթադրում է նաև տարբերվող, բացառիկ փորձառությունների տրամադրում: Չորրորդը սոցիալական ուղղությունն է, որի շրջանակում կարիք կա կենտրոնանալու աշխատուժի թվի մեծացման վրա, ծառայությունների բարձր մակարդակի տրամադրման, ինչպես նաև զբոսաշրջային կրթությունը խթանելու:

«Ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում նախատեսում ենք, օրինակ, 2030 թվականին ունենալ առնվազն 3 մլն ներգնա զբոսաշրջային այցելություն, զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3,8 մլրդ դոլարի եկամուտ, որից 750 մլն դոլարը կարող է գնալ պետական բյուջե, ունենալ 4,5 մլն ներքին զբոսաշրջային այցելություններ,  ոլորտի հաշվին ստեղծել լրացուցիչ 20 հազար աշխատատեղ»,-հայտարարեց Պապոյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նախատեսում ենք 2030-ին զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3,8 մլրդ դոլարի եկամուտ. Պապոյան